Սննդակարգում ռաֆինացված մթերքների և ճարպերի ավելցուկի հետ համակցված նախուտեստներն արագացնում են իմունային համակարգի ծերացումը և դանդաղեցնում բջջային վերականգնման գործընթացները: Այս մասին The Guardian պարբերականին հայտնել են գիտնականներ Էրիկ Վերդինը (Ծերացման հետազոտությունների ինստիտուտ, ԱՄՆ), Խայմե Ուրիբարին և Նիհարիկա Դուգալը (Բիրմինգհեմի համալսարան)։
Արագացված ծերացման հետ կապված հիմնական սովորություններից մեկը մասնագետները համարել են օրվա ընթացքում անընդհատ ինչ-որ բան ուտելը։ Սննդի հաճախակի օգտագործումը պահպանում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը և խթանում ինսուլինի արտադրությունը՝ հորմոն, որն ակտիվացնում է բջիջների աճը։ Վերդինի խոսքով, օրգանիզմին առանց սննդի ժամանակահատվածներ են անհրաժեշտ, վերականգնողական գործընթացների գործարկման համար։
Բացասական ազդեցություն է թողնում նաև ռաֆինացված ածխաջրերի և բարձր ջերմաստիճանում պատրաստված մթերքների ավելցուկը։ Ինչպես նշում է Ուրիբարին, նման մշակման ժամանակ առաջանում են միացություններ (օրինակ՝ ակրիլամիդ), որոնք ուժեղացնում են բորբոքումը։ Դա կարող է անդրադառնալ մաշկի, անոթների և ներքին օրգանների վիճակի վրա։
Ի թիվս այլ սխալների՝ փորձագետները մատնանշում են սննդակարգում ճարպերի անհավասարակշռությունը։ Բջջանյութի պակասի պայմաններում՝ հագեցած ճարպերի ավելցուկը կարող է խաթարել աղիքների գործունեությունը և արագացնել իմունային համակարգի ծերացումը։
Ըստ գիտնականների՝ հագեցած և չհագեցած ճարպերը տարբերվում են իրենց քիմիական կառուցվածքով և աղբյուրներով։ Կաթնամթերքը, խոզաճարպը, արագ սնունդը, կարագը և հրուշակեղենը հարուստ են առաջին ճարպերով։ Հագեցած ճարպերի չարաշահումը կարող է բարձրացնել «վատ» խոլեստերինի (ՑԽԼ՝ ցածր խտության լիպոպրոտեիններ) մակարդակը, մեծացնել աթերոսկլերոզի, սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման և շաքարային դիաբետի առաջացման ռիսկը։
Ռիսկի լրացուցիչ գործոններ են համարվում B խմբի վիտամինների դեֆիցիտը, օգտակար ճարպերի (մասնավորապես՝ օմեգա-3-ի) պակասը և այսպես կոչված թթվագոյացնող մթերքների՝ մսի, ձկան և պահածոների գերակշռությունը։
Մասնագետների կարծիքով՝ տարիքային փոփոխությունները դանդաղեցնելու համար կարևոր է սննդակարգի շտկումը. անհրաժեշտ է ավելացնել բանջարեղենի, ամբողջահատիկ մթերքների և օմեգա-3 ճարպաթթուների աղբյուրների սպառումը, ինչպես նաև խուսափել մշտական թեթև ուտեստներից և չափից շատ վերամշակված սննդից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day