• Latest news

Առողջ սնունդը և թոքերի քաղցկեղի ռիսկը. անսպասելի կապ է հայտնաբերվել

5 մայիսի, 2026  13:06

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) գիտնականների նոր հետազոտությունը բացահայտել է մի անսպասելի կապ։ Չծխող մարդիկ, ովքեր հետևում են առողջ սննդակարգին և օգտագործում են մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն և ամբողջահատիկ մթերքներ, ավելի հաճախ են թոքերի վաղաժամ քաղցկեղ ունենում: Այնուամենայնիվ, հետազոտողները շեշտում են, որ սա չի նշանակում, թե այդ մթերքներն են քաղցկեղ առաջացնում:

Գիտնականների կարծիքով՝ հնարավոր բացատրությունը կարող են լինել արտաքին գործոնները, մասնավորապես՝ սննդի մեջ առկա պեստիցիդների մնացորդները: Հետագայում նախատեսվում է ավելի մանրամասն ուսումնասիրել դրանց ազդեցությունը:

Թեև վերջին տասնամյակներում ԱՄՆ-ում թոքերի քաղցկեղից մահացության դեպքերը զգալիորեն նվազել են, սակայն մի մտահոգիչ միտում է նկատվում՝ հիվանդությունը սկսել է ավելի հաճախ հանդիպել երիտասարդ չծխողների, հատկապես՝ կանանց շրջանում։ Այս երևույթի պատճառները պարզելու նպատակով հետազոտողները վերլուծել են թոքերի վաղ քաղցկեղի վերաբերյալ ազգային ուսումնասիրության տվյալները։

Հետազոտությանը մասնակցել է 187 պացիենտ, որոնց մեծ մասը չծխող կանայք են եղել։ Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ըստ ուռուցքների գենետիկ առանձնահատկությունների (ներառյալ EGFR մուտացիաները և այլ մեխանիզմներ)։ Հաշվի են առնվել նաև նրանց ապրելակերպը, հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը և սննդակարգը։

Սննդի որակը գնահատել են «Առողջ սնվելու ինդեքսով»։ Անսպասելիորեն պարզվել է, որ հիվանդների ցուցանիշները միջինից բարձր են եղել. նրանք ավելի շատ բանջարեղեն, լոբազգիներ ու ամբողջահատիկ մթերքներ են կերել։

Գիտնականները շեշտում են, որ սա ընդամենը վիճակագրական փաստ է և ոչ թե վերջնական ապացույց։ Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ բուսական սնունդ նախընտրողներն ավելի շատ են ենթարկվում դրա մեջ առկա պեստիցիդների ազդեցությանը։

Բացի այդ, պարզվել է, որ հետազոտությանը մասնակցած շատ կանայք օգտագործել են հակաբեղմնավորիչ հաբեր։ Սա դեռևս չի հաստատում ուղղակի պատճառահետևանքային կապը, սակայն մատնանշում է ևս մեկ գործոն, որը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի՝ հաշվի առնելով հորմոնների դերը ուռուցքների զարգացման գործում։

Փորձագետները հորդորում են զգուշությամբ մոտենալ այս արդյունքներին։ Հետազոտությունը դեռևս չի հրապարակվել գիտական գրախոսվող ամսագրում, և անհրաժեշտ են հավելյալ տվյալներ։ Միևնույն ժամանակ, առողջ սննդակարգին հետևելը շարունակում է մնալ չափազանց կարևոր, քանի որ սխալ սննդակարգը կապված է գիրացման և այլ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման բարձր ռիսկի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll