Ամերիկյան հոգեբանական գագաթնաժողովի շրջանակում ներկայացված և MedicalXpress-ի կողմից լուսաբանված նոր հետազոտությունը փաստում է, որ սովորական խոհանոցային համեմունքը կարող է դիաբետի բուժմանն աջակցող պոտենցիալ գործիք դառնալ:
Խոսքը կուրկումինի մասին է։ Այն քրքումի մեջ պարունակվող ակտիվ նյութ է, որը վաղուց հայտնի է իր հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով: Այժմ գիտնականները պարզել են, որ այն կարող է ավելի լայն ազդեցություն ունենալ դիաբետի դեպքում՝ ներառյալ ներգործությունը անոթային համակարգի և նյութափոխանակության վրա:
Առաջին տիպի դիաբետի մոդելավորմամբ առնետների վրա կատարված փորձարկման ընթացքում հետազոտողները համեմատել են կուրկումին ստացող կենդանիներին ստուգիչ խմբի հետ: Արդեն մեկ ամիս անց այն կենդանիների մոտ, որոնց տրվել է այդ նյութը, նկատվել է անոթների վիճակի զգալի բարելավում, որը մոտեցել է առողջ առանձնյակների ցուցանիշներին: Սա հատկապես կարևոր է, քանի որ դիաբետի ժամանակ հենց անոթային վնասումներն են հաճախ հանգեցնում լուրջ բարդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների:
Գիտնականները նշում են, որ կուրկումինը միաժամանակ ազդում է մի քանի կենսաբանական գործընթացների վրա. այն նվազեցնում է բորբոքումը, օգնում է կարգավորել անոթների բջիջների աշխատանքը, ներգործում է դիաբետի ժամանակ խաթարված ազդանշանային սպիտակուցների վրա և բարելավում է կալցիումի կարգավորումն անոթային հյուսվածքներում։ Այս ամենը համակցված կերպով կարող է դանդաղեցնել արյան մեջ շաքարի բարձր մակարդակով պայմանավորված վնասումների զարգացումը։
Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են մի կարևոր սահմանափակում. քանի որ աշխատանքն իրականացվել է կենդանիների վրա, դեռ վաղ է խոսել մարդկանց դեպքում կլինիկական կիրառման մասին։ Բացի այդ, կուրկումինն օրգանիզմում վատ է յուրացվում, ուստի պոտենցիալ թերապևտիկ ազդեցության հասնելու համար անհրաժեշտ կլինի մշակել մատակարարման հատուկ ձևեր և անցկացնել կլինիկական փորձարկումներ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day