• Latest news

Հետազոտությունը ցույց է տվել, որ 1946 թվականից ի վեր սերունդների շրջանում առողջության վատթարացում է գրանցվել

23 մայիսի, 2026  10:44

Հետազոտությունների նոր տեսությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն նախորդ սերունդների` 1946 թվականից հետո ծնված մարդկանց առողջական վիճակն ավելի վաղ տարիքում է սկսում վատթարանալ:

Այս աշխատությունը հիմնված է տասնյակ հազարավոր մարդկանց ներգրավմամբ բրիտանական ավելի քան 50 կոհորտային հետազոտությունների վրա և տեղի ունեցող գործընթացը բնորոշում է որպես «առողջության սերնդային անկում»։ Սա առավել ցայտուն է արտահայտվում գիրացման և հոգեկան առողջության խանգարումների աճով, ինչպես նաև «X սերնդի» և «բեբի-բումերների» համեմատության համատեքստում առկա շաքարային դիաբետի ցուցանիշներով։ Ընդհանուր առմամբ, արդյունքները փաստում են, որ հաջորդող սերունդներն իրենց կյանքի մեծ մասը կարող են անցկացնել վատառողջ վիճակում:

Գիտնականները նշում են, որ այս միտումը հնարավոր չէ բացատրել միայն ախտորոշման բարելավմամբ կամ առողջապահական համակարգի զարգացմամբ: Տարբերությունները պահպանվում են նույնիսկ այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսին գիրությունն է, որը կախված չէ բժշկական ախտորոշումից, ինչպես նաև օբյեկտիվ բիոմարկերների կիրառման պարագայում, օրինակ՝ դիաբետի հետազոտություններում։

Հոգեկան առողջության համեմատությունը հիմնվել է տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշների ստանդարտացված ինքնագնահատման, այլ ոչ թե կլինիկական ախտորոշումների վրա։ Կիրառվել են ստուգված մեթոդաբանություններ, ինչն ապահովել է տարբեր սերունդների տվյալների համադրելիությունը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL), Լոնդոնի թագավորական քոլեջի և Օքսֆորդի համալսարանի հետազոտական խումբն ուսումնասիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված սերունդներին՝ համեմատելով միևնույն տարիքում նրանց առողջական ցուցանիշները։

«Population Studies» ամսագրում հրապարակված աշխատությունը վեր է հանում առողջապահական համակարգի համար սպասվող հետևանքները, քանի որ գնալով ավելի շատ մարդիկ են ապրելու քրոնիկ հիվանդություններով։ Ընդ որում, առողջական վիճակի այս անկումը տեղի է ունենում նույնիսկ ծխողների թվի նվազման, կրթական մակարդակի բարձրացման և վաղ տարիքում կյանքի պայմանների բարելավման ֆոնին։

Հետազոտության առաջատար հեղինակ Լաուրա Հիմենոյի խոսքով՝ հաջորդող սերունդների մոտ տարբեր հիվանդություններն ավելի վաղ տարիքում են ի հայտ գալիս, հատկապես՝ գիրությունն ու հոգեկան խանգարումները։ Նա ենթադրում է, որ առողջության նման «անկումը» վկայում է այն մասին, որ հասարակության մեջ առողջության բարելավման միտումները դեռ չեն հասել իրենց կենսաբանական սահմանագծին, այլ կապված են սոցիալական և էկոլոգիական այնպիսի գործոնների հետ, որոնք հնարավոր է կանխել։

Հեղինակները զգուշացնում են, որ այս միտումը կարող է մեծացնել առողջապահական համակարգերի և պետական բյուջեների վրա գործադրվող ճնշումը, հատկապես՝ բնակչության ծերացման համատեքստում։ Մինչև 2050 թվականը Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ քառորդ մասը կլինի 65 տարեկանից բարձր, ինչը կմեծացնի բժշկական և սոցիալական խնամքի պահանջարկը։

XX դարում կյանքի սպասվող տևողությունը զգալիորեն աճել է, սակայն կյանքի առողջ տարիների տևողության աճը 2010-ականների սկզբից դանդաղել է, իսկ վերջին տարիներին նույնիսկ նվազման նշաններ են նկատվել (միջին տարիքում առողջական վիճակի վատթարացման պատճառով)։

51 բրիտանական կոհորտային հետազոտությունների վրա հիմնված այս տեսությունը (որոնցում ներգրավված են եղել 1946-2002 թվականներին ծնված մարդիկ) առողջության բարելավման շատ թույլ նշաններ է հայտնաբերել երիտասարդ սերունդների շրջանում։ Գիտնականները կարծում են, որ այստեղ կարող է էական դեր խաղալ շրջակա միջավայրի փոփոխությունն ու սոցիալական ռիսկի գործոնները, ներառյալ՝ «գիրացմանը նպաստող» (օբեզոգեն) միջավայրը։

Չնայած որոշակի սահմանափակումներին (տվյալները հիմնականում վերաբերում են Մեծ Բրիտանիային), նմանատիպ միտումներ են նկատվում նաև այլ հետազոտություններում։ Հեղինակները եզրակացնում են, որ անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրությունները և պարզել սերունդների առողջական այս վատթարացման հստակ պատճառները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll