Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներները մշակել են փափուկ, դյուրակիր ուլտրաձայնային սպեղանի, որն ունակ է մի քանի ժամվա ընթացքում անընդհատ հետևելwu պտղի և պորտալարի վիճակին, նույնիսկ հղիության ընթացքում երեխայի մշտական շարժումների պայմաններում։
Ըստ հետազոտողների՝ տեխնոլոգիան կարող է օգնել բժիշկներին ավելի վաղ հայտնաբերելու բարձր ռիսկային հղիության բարդությունները, ինչպես նաև ընդլայնելու նախածննդյան հսկողության հասանելիությունը բժշկական սահմանափակ ռեսուրսներ ունեցող տարածաշրջաններում։
Կլինիկական փորձարկումների ժամանակ սարքը ֆիքսել է պտղի երկարատև անոմալ ազդանշաններ, որից հետո բժիշկները որոշում են ընդունել հղիության 29-րդ շաբաթում շտապ կեսարյան հատում անել։ Գիտնականները կարծում են, որ մշտադիտարկման համակարգը կարողացել է օգնել փրկելու երեխայի կյանքը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում։
Ի տարբերություն ստանդարտ ուլտրաձայնային հետազոտության, որն անցկացվում է կարճատև և պահանջում որակավորված մասնագետի մասնակցություն, նոր սպեղանին նախատեսված է մշտական կրման համար և ունակ է իրական ժամանակում ավտոմատ կերպով հետևելու պտղի անատոմիային և արյան հոսքին։
Հետազոտողները պարզաբանել են, որ երկարատև հսկողության գլխավոր դժվարություններից մեկն ինչպես պտղի, այնպես էլ պորտալարի մշտական շարժումն է։ Այս խնդիրը լուծելու համար թիմը մշակել է ավտոնոմ հետևման ալգորիթմներ, որոնք ունակ են ավտոմատ կերպով գտնելու և ուղեկցելու պորտալարը նույնիսկ մոր կամ երեխայի դիրքը փոխվելու դեպքում։
Ըստ գիտնականների՝ մշտադիտարկումը թույլ է տվել ֆիքսելու արյան հոսքի փոփոխություններ, որոնք կարող էին աննկատ մնալ սովորական ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ։
Փափուկ ուլտրաձայնային սպեղանին տարբերվում է ճկունությամբ և ունակ է հարմարավետորեն տեղակայվելու մարմնի կոր հատվածներին։
Տեխնոլոգիան փորձարկվել է բազմակենտրոն կլինիկական հետազոտության շրջանակներում, որն անցկացվել է UC San Diego Health բժշկական կենտրոնում և Օքսֆորդի համալսարանի John Radcliffe հիվանդանոցում։ Գիտնականները հավաքել են 62 հղիությունների անընդհատ հսկողության տվյալներ, ներառյալ ինչպես նորմալ դեպքեր, այնպես էլ գեստացիոն դիաբետով, պրեէկլամպսիայով, բարձր զարկերակային ճնշմամբ և պտղի աճի խանգարումով բարդացած հղիություններ։
Սարքի ցուցանիշները գործնականում համընկել են ստանդարտ տեղափոխելի ուլտրաձայնային համակարգերի արդյունքների հետ։
Այժմ հետազոտողները ծրագրում են սպեղանին ներկառուցել կոմպակտ անլար էլեկտրոնային համակարգի մեջ, ինչը ապագայում կարող է հղիության երկարատև հեռակա մշտադիտարկումը դարձնել ավելի հասանելի և հարմարավետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day