Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները արհեստական բանականության հիմքով ախտորոշման նոր գործիք են մշակել, որն ընդունակ է արյան անալիզի միջոցով տարբերակել դեմենցիա առաջացնող մի քանի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ։
Խոսքը Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների, ճակատ-քունքային դեմենցիայի, Լևիի մարմնիկներով դեմենցիայի, ինչպես նաև առողջ մարդկանց մոտ տարիքային կոգնիտիվ փոփոխությունների մասին է։
Հետազոտողների տվյալներով՝ մոդելի ճշգրտությունը գերազանցում է 90%-ը և թույլ է տալիս ոչ միայն տարբերակել առանձին հիվանդությունները, այլև բացահայտել այն դեպքերը, երբ պացիենտի մոտ միաժամանակ առկա են մի քանի ախտաբանական գործընթացներ, ինչը ստանդարտ ախտորոշման դեպքում հաճախ վրիպում է բժիշկների տեսադաշտից։
Աշխատության համահեղինակներից պրոֆեսոր Կառլոս Կրուչագան նշել է, որ ներկայիս կլինիկական մեթոդները հաճախ սահմանափակվում են միայն մեկ ախտորոշում տալով, մինչդեռ իրականում պացիենտների մոտ ոչ հազվադեպ է նկատվում մի քանի հիվանդությունների համակցություն։
Մշակված թեստը հիմնված է արյան մեջ առկա 15 սպիտակուցների անալիզի վրա, որոնք կապված են նեյրոդեգեներացիայի, բորբոքման և նյարդային բջիջների վնասման գործընթացների հետ։ Ալգորիթմը մարզվել է ավելի քան 3200 պացիենտների տվյալների հիման վրա, որոնք հավաքագրվել են Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունների շրջանակում։
Բացի այդ, մոդելը ստուգվել է 225 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնց մոտ կենդանության օրոք իրականացվել էր նյարդաբանական գնահատում, իսկ մահից հետո ուսումնասիրվել էին ուղեղի հյուսվածքների փոփոխությունները։ Արդյունքները բարձր համապատասխանություն են ցույց տվել արհեստական բանականության կանխատեսումների և իրական ախտաբանության միջև։
Գիտնականները նշում են, որ այս գործիքը հատկապես արդյունավետ է անորոշ ախտորոշման կամ կոգնիտիվ խանգարումների վաղ փուլերում, երբ ստանդարտ մեթոդները բավականաչափ հստակ պատկեր չեն տալիս։
Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ տեխնոլոգիան դեռ պատրաստ չէ կլինիկական կիրառման համար և հետագա փորձարկումներ ու երկարատև դիտարկումներ
Այդուհանդերձ, կիրառության պոտենցիալ ոլորտներն արդեն իսկ ակնհայտ են. գիտական հետազոտություններում՝ կլինիկական փորձարկումների համար պացիենտների ընտրության, իսկ բժշկության մեջ՝ հիվանդներին դեպի համապատասխան մասնագետներն ավելի ճշգրիտ ուղղորդելու և թերապիայի ընտրության համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day