• Latest news

Հոդերի համար նախատեսված հանրաճանաչ հավելումը կարող է արագացնել դեմենցիայի զարգացումը․ Nature Metabolism

15 հունիսի, 2026  08:37

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հայտնում են, որ հոդերի համար նախատեսված և առանց դեղատոմսի բաց թողնվող հանրահայտ գլյուկոզամին հավելումի ընդունումը կարող է կապված լինել ճանաչողական խանգարումների խորացման բարձր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Nature Metabolism ամսագրում։

Գլյուկոզամինը բնական միացություն է, որը պարունակվում է աճառային հյուսվածքներում։ Այն հաճախ են ընդունում հոդացավերի և օստեոարթրիտի դեպքում, քանի որ մարդիկ կարծում են, որ այս նյութը նվազեցնում է բորբոքումն ու պահպանում աճառի կառուցվածքը։ Սակայն նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում ուղեղի համար դրա անվտանգությունը։

Գիտնականները վերլուծել են Ֆլորիդայի համալսարանի առողջապահական համակարգի՝ 2012-2024 թվականների տվյալները։ Արհեստական բանականության մեթոդների օգնությամբ նրանք առանձնացրել են թեթև ճանաչողական խանգարումներ, դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտներին։

Պարզվել է, որ մտավոր ունակությունների վատթարացում ունեցող պացիենտների մոտ 8%-ն ընդունել է գլյուկոզամին։ Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ թեթև խանգարումներից դեպի դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն անցում կատարելու հավանականությունը մոտ 25%-ով ավելի բարձր է եղել՝ այն պացիենտների համեմատ, ովքեր չեն օգտագործել այս հավելումը։ Բացի այդ, այս խմբում մահացության ցուցանիշը նույնպես բարձր է եղել մոտ 25%-ով։

Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ խոսքն առայժմ միայն օրինաչափության, այլ ոչ թե ապացուցված պատճառահետևանքային կապի մասին է։ Այդուհանդերձ, նրանք այս արդյունքները կլինիկորեն կարևոր են համարում և նշում, որ թեման հետագա խորը ուսումնասիրության կարիք ունի։

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ գլյուկոզամինը կարող է ազդել սպիտակուցների «շաքարային ձևափոխման»՝ գլիկոզիլացման գործընթացի վրա։ Այս մեխանիզմն անհրաժեշտ է սպիտակուցների բնականոն աշխատանքի համար, սակայն որոշ խանգարումների դեպքում այն կարող է չափից ավելի ակտիվանալ։

Գիտնականների վարկածով՝ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ այս գործընթացը խիստ արագանում է, ինչը նպաստում է ուղեղում ախտաբանական սպիտակուցային կառույցների, այդ թվում՝ ամիլոիդային վահանիկների և կուտակումների ձևավորմանը։

Գենետիկորեն ձևափոխված մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ գլյուկոզամինի ներարկումն ուժեղացրել է սպիտակուցներին շաքարային խմբերի կցումը և հանգեցրել հիշողության վատթարացման։ Իսկ երբ այդ գործընթացը արհեստականորեն ճնշել են, մկների մտավոր ունակությունները, ընդհակառակը, բարելավվել են։

Մարդու ուղեղի հյուսվածքների նմուշների լրացուցիչ հետազոտությունը նույնպես փաստել է, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ գլիկոզիլացման գործընթացն ուժեղացված է եղել։

Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ նյութափոխանակության խանգարումները կարող են շատ ավելի մեծ դեր խաղալ դեմենցիայի զարգացման գործում, քան նախկինում կարծում էին, ինչը կարող է նոր ուղի հարթել հիվանդության բուժման արդյունավետ մեթոդների մշակման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll