• Latest news

Սովորական սննդակարգն ի վիճակի է գրեթե մեկ երրորդով նվազեցնել դեմենցիայի վտանգը. JAMA Network Open

2 հուլիսի, 2026  19:40

JAMA Network Open հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային մթերքներով հարուստ սննդակարգը կարող է զգալիորեն նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը, հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք ունեն Ալցհայմերի հիվանդության հանդեպ կենսաբանական բարձր նախատրամադրվածություն:

Գիտնականները պարզել են, որ Ալցհայմերի հիվանդության վաղ բիոմարկերներ ունեցող տարեց մարդկանց շրջանում բորբոքումները նվազեցնող սննդակարգին հետևելը նպաստել է դեմենցիայի ռիսկի մինչև 29% նվազմանը: Աշխատությունը հիմնված է ծերացման վերաբերյալ շվեդական հետազոտության գրեթե 1900 մասնակիցների տվյալների վերլուծության վրա, որոնց հետևել են 15 տարի շարունակ:

Հետազոտության մեջ ընդգրկվելու պահին բոլոր մասնակիցները 60 տարեկանից բարձր են եղել և չեն ունեցել դեմենցիայի նշաններ: Դիտարկման ընթացքում նրանք հետազոտվել են մինչև վեց անգամ՝ հավաքագրելով տվյալներ սննդակարգի վերաբերյալ և վերցնելով արյան նմուշներ:

Հետազոտողներն ուսումնասիրել են երեք հիմնական բիոմարկերներ, որոնք կապված են Ալցհայմերի հիվանդության և նեյրոդեգեներատիվ գործընթացների զարգացման հետ.

  • Տաու-սպիտակուց, որն ախտաբանական կուտակման դեպքում ուղեղում ձևավորում է թունավոր կառուցվածքներ:
  • Նեյրոֆիլամենտի թեթև շղթայի սպիտակուցի բեկորներ, որոնք արտացոլում են նեյրոնների վնասումը կամ մահը:
  • Գլիալ ֆիբրիլյար թթվային սպիտակուց, որը կապված է վնասվածքներին ուղեղի օժանդակ բջիջների տված արձագանքի հետ:

Արդյունքները ցույց են տվել, որ այս մարկերների բարձր մակարդակ ունեցող մարդկանց շրջանում հակաբորբոքային սննդակարգի պահպանումը նվազեցրել է դեմենցիայի վտանգը 21–29%-ով՝ կախված կոնկրետ բիոմարկերից:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ցածր բորբոքային ներուժ ունեցող սնունդը կարող է օգտակար լինել ոչ միայն ընդհանուր կանխարգելման համար, այլև այն մարդկանց համար, որոնք արդեն ճանաչողական խանգարումների զարգացման բարձր ռիսկի խմբում են:

Ըստ արդյունքները վերլուծած սննդաբան Էմիլի Քեյզի՝ ապացուցողական բազան ավելի ու ավելի է հաստատում սննդի դերը Ալցհայմերի հիվանդության կանխարգելման գործում: Նա ընդգծում է, որ սննդակարգը պետք է դիտարկվի որպես համալիր մոտեցման մաս, որը ներառում է նաև ֆիզիկական ակտիվություն և որակյալ քնի ապահովում:

Հակաբորբոքային մթերքների թվին են դասվում այնպիսի սննդակարգերի բաղադրիչները, մասնավորապես՝ միջերկրածովյան սննդակարգտ և DASH սննդակարգը: Դրանց թվում են՝

  • Հատապտուղներ և մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն, որոնք հարուստ են անտիօքսիդանտներով:
  • Ձուկ և ընկույզ, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ:
  • Բջջանյութով հարուստ մթերքներ՝ ամբողջական հատիկավորներ, լոբազգիներ, բանջարեղեն և մրգեր:
  • Օգտակար ճարպեր՝ ձիթապտղի յուղից, ավոկադոյից և ընկուզեղենից:

Մասնագետները նշում են, որ թեև գենետիկական նախատրամադրվածությունը կարևոր դեր է խաղում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման գործում, կենսակերպն ու սնունդը կարող են էականորեն ազդել այն բանի վրա, թե ինչպես ի վերջո կդրսևորվեն այդ ռիսկերը:

Ընդհանուր առմամբ, հետազոտությունն ընդգծում է, որ առողջ սննդակարգը չի կարող լիովին բացառել դեմենցիայի վտանգը, սակայն ի վիճակի է դանդաղեցնել դրա զարգացումը և նվազեցնել հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll