• Latest news

Քաղցր պաշտպանություն. բազմածաղիկ մեղրն ի վիճակի է դանդաղեցնել մաշկի բջիջների ծերացումը

9 հուլիսի, 2026  22:31

Բազմածաղիկ մեղրը կարող է հիմք դառնալ նոր միջոցների ստեղծման համար, որոնք պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացումից և ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ առաջացած վնասվածքներից: Նման եզրակացության են հանգել Սասարիի համալսարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են բնական միացությունների ազդեցությունը մարդու մաշկի բջիջների վրա, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:

Գիտնականները պարզել են, որ մեղրի փոքր խտացումներն օգնում են մաշկի բջիջներին ավելի լավ հաղթահարել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ առաջացած սթրեսը, ուժեղացնում են հակաօքսիդանտային պաշտպանությունը և կարող են դանդաղեցնել բջիջների ծերացմանն առնչվող գործընթացները:

Հետազոտող դոկտոր Ֆիկիե Ֆուլյա Քավակը՝ պրոֆեսոր Մարգերիտա Մայոլիի թիմից, որոշել է ստուգել՝ արդյոք որակյալ բազմածաղիկ մեղրը կարո՞ղ է չափելի պաշտպանական ազդեցություն ունենալ հենց մաշկի բջիջների վրա:

Մաշկն արտաքին միջավայրից օրգանիզմի գլխավոր պատնեշն է, սակայն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումն արագացնում է դրա ծերացումը, առաջացնում է բջջային սթրես և կարող է նպաստել մաշկի քաղցկեղի զարգացմանը:

Փորձի համար գիտնականներն աճեցրել են մարդու մաշկի բջիջների տարբեր տեսակներ՝ մաշկի ցողունային բջիջներ, ֆիբրոբլաստներ և կերատինոցիտներ: Դրանք տեղադրվել են կենդանի մաշկի պայմանները նմանակող հատուկ բիոռեակտորային համակարգում:

Նախքան ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, բջիջների մի մասը 48 ժամվա ընթացքում մշակվել է ընդամենը 1% խտությամբ բազմածաղիկ մեղրի լուծույթով: Այնուհետև հետազոտողները համեմատել են մշակված և չմշակված բջիջների արձագանքը UV-սթրեսին:

Արդյունքները ցույց են տվել, որ մեղրն օգնել է մաշկի բջիջներին ակտիվացնել պաշտպանական մեխանիզմները: Ցողունային բջիջներում մեծացել է հյուսվածքների նորացման և վերականգնման ունակությանն առնչվող գեների ակտիվությունը, իսկ ծերացմանն առնչվող որոշ գեների ակտիվությունը նվազել է:

Բացի դրանից, մշակված բջիջներն ավելի քիչ ազոտի օքսիդ (բորբոքային սթրեսի հետ կապված նյութ) են արտադրել և ցուցաբերել են ավելի բարձր հակաօքսիդանտային ակտիվություն:

Հետազոտողների գնահատմամբ՝ մեղրը ոչ թե պարզապես խթանել է վնասվածքների ուժգնացած վերականգնումը, այլ օգնել է բջիջներին պահպանել ավելի կայուն վիճակ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից հետո:

Գիտնականները շարունակում են ուսումնասիրել այդ ազդեցության մոլեկուլային մեխանիզմները և այժմ ստուգում են՝ արդյոք գեների ակտիվության փոփոխություններն արտացոլվում են բջիջների ներսում սպիտակուցների մակարդակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll