Նույնիսկ առանց կոֆեինի սուրճի օգտագործումը նպաստում է լյարդի ցիռոզի, քաղցկեղի և լյարդի հիվանդություններից մահացության ռիսկի նվազեցմանը, ցույց է տվել նոր հետազոտությունը։
Սուրճի մեծ քանակությամբ օգտագործումը նպաստում է լյարդի հիվանդությունների վտանգի նվազեցմանը, ասվում է նոր հետազոտության մեջ։
Clinical Gastroenterology and Hepatology բժշկագիտական հանդեսում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը նպաստում է լյարդի ցիռոզի, քաղցկեղի զարգացման և լյարդի հիվանդություններին առնչվող մահացության հավանականության նվազմանը։
Գիտնականները վերլուծել են UK Biobank-ի ավելի քան 350 հազար մասնակիցների տվյալները, որոնք հետազոտության սկզբում չեն ունեցել ոչ ցիռոզ, ոչ լյարդի քաղցկեղ, և նրանց հետևել են 13 տարի, հաղորդում է Euronews-ը։ Պարզվել է, որ այն մարդկանց շրջանում, ովքեր օրական հինգ և ավելի բաժակ սուրճ են խմել, ցիռոզի ռիսկը եղել է 32%-ով ավելի ցածր, լյարդի քաղցկեղի հավանականությունը՝ 47%-ով ավելի ցածր, իսկ լյարդի հիվանդություններին առնչվող մահացությունը նվազել է 42%-ով։
2023 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ լյարդի հիվանդություններն ամեն տարի հանգեցնում են երկու միլիոն մահվան, ինչը կազմում է աշխարհում բոլոր մահվան դեպքերի 4%-ը։ Այդ մահերի մոտ երկու երրորդը բաժին է ընկնում տղամարդկանց։
Այն մասնակիցների շրջանում, որոնք ավելի շատ սուրճ են խմել, արձանագրվել են նաև լյարդում ճարպի և երկաթի ավելի ցածր մակարդակներ, ինչպես նաև ֆիբրոզի և լյարդի բորբոքման ավելի ցածր ցուցանիշներ։
Սուրճի սիրահարների արյան հետազոտությունները ցույց են տվել լյարդի առողջ գործունեության հետ կապված սպիտակուցների ավելի բարձր մակարդակ և սպիացման ու բորբոքման հետ ասոցացվող սպիտակուցների ավելի ցածր մակարդակ։
«Մեր տվյալները հաստատում են սուրճի չափավոր օգտագործման օգուտն այն մարդկանց համար, որոնք արդեն սիրում են այդ ըմպելիքը և լավ են տանում այն»,- հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Ջու Դոն Յանգը։
«Այնուամենայնիվ, միայն այս հետազոտության հիման վրա մենք խորհուրդ չեինք տա որևէ մեկին սկսել սուրճ խմել բացառապես լյարդը պաշտպանելու համար»,- հավելել է նա։
Թե՛ կոֆեինով, թե՛ առանց կոֆեինի սուրճը ցույց են տվել նմանատիպ կապեր, ինչը վկայում է այն մասին, որ ըմպելիքի օգուտը պայմանավորված է ոչ միայն կոֆեինի պարունակությամբ։
Ըստ աշխատության հեղինակ Շելլի Լուի՝ սուրճն ազդում է լյարդի վիճակի վրա բորբոքման և սպիացման մեխանիզմների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս նախանշել հետագա հետազոտությունների ուղղությունները և ավելի լավ հասկանալ, թե ում է այն ամենամեծ օգուտը բերում։
Ամենաարտահայտված կապը նկատվել է օրական մոտ երեք-չորս բաժակ սուրճ օգտագործելու դեպքում. սակայն նույնիսկ չափավոր օգտագործումը՝ օրական մեկ-երկու բաժակը, ասոցացվել է լյարդի հիվանդությունների ռիսկի զգալի նվազման հետ։
Յանգն ընդգծել է, որ կանխարգելումը նախկինի պես պետք է հիմնված լինի առողջ քաշի պահպանման, ալկոհոլի օգտագործման սահմանափակման, կանոնավոր ֆիզիկական ակտիվության և արյան մեջ շաքարի մակարդակի, զարկերակային ճնշման ու խոլեստերինի վերահսկման վրա։
Կոֆեինի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել սրտխփոց, սրտի աշխատանքի խանգարումներ, զարկերակային ճնշման բարձրացում, տագնապայնություն և քնի խանգարումներ։
Ընդհանուր առմամբ, չափահասների մեծ մասի համար անվտանգ է համարվում օրական մինչև 400 միլիգրամ կոֆեինի չափաքանակը. դա մոտավորապես չորս բաժակ թեյ կամ սուրճ է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day