Ուլտրա-մշակված սննդամթերքի (UPF) արտադրողներն օգտագործում են մարքեթինգային և հաղորդակցային տարբեր ռազմավարություններ՝ սպառողներին և կարգավորող մարմիններին համոզելու համար, որ հենց իրենց արտադրանքն է ավելի օգտակար՝ այլ ուլտրա-մշակված ապրանքների համեմատ: Նման եզրահանգման են հանգել հետազոտողները, որոնք աշխատանքի արդյունքները ներկայացրել են Մեխիկոյում Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային ֆեդերացիայի (World Obesity Federation) կազմակերպած Ճարպակալման միջազգային կոնգրեսում (ICO2026):
Հետազոտության նախնական արդյունքները պատրաստել են Ռինոյից Նևադայի և Սան Ֆրանցիսկոյից Կալիֆոռնիայի համալսարանների գիտնականները: Նրանք վերլուծել են, թե սննդի արդյունաբերության տարբեր ներկայացուցիչներ ինչպես են արձագանքում ուլտրա-մշակված սննդամթերքի վնասների վերաբերյալ աճող գիտական տվյալներին և ինչպես են փորձում ազդել դրանց պաշտոնական սահմանման ձևավորման վրա:
Ի՞նչ է ուլտրա-մշակված սննդամթերքը.
Դրանք արդյունաբերական եղանակով արտադրված ապրանքներ են, որոնք հիմնականում բաղկացած են զտված բաղադրիչներից (օսլա, շաքարավազ, ճարպեր) և տարբեր սննդային հավելումներից՝ արհեստական բուրավետիչներից, ներկանյութերից, քաղցրացուցիչներից և էմուլգատորներից: Որպես կանոն, դրանք պարունակում են նվազագույն քանակությամբ ամբողջական մթերքներ կամ ընդհանրապես չեն պարունակում: Բազմաթիվ հետազոտություններ դրանց կանոնավոր օգտագործումը կապում են ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետ:
Հեղինակները վերլուծել են սննդի և ըմպելիքների ինդուստրիայի ներկայացուցիչների հանրային մեկնաբանությունները, որոնք ներկայացվել են, երբ ԱՄՆ կառավարությունը գիտական հետազոտությունների և պետական քաղաքականության մեջ օգտագործելու համար ուլտրա-մշակված սննդամթերքի պաշտոնական սահմանումը մշակելու նպատակով 2025 թվականին հանրային խորհրդակցություններ հայտարարեց:
Վերլուծությունը ցույց է տվել, որ, չնայած ոլորտի տարբեր հատվածների միջև եղած տարբերություններին, կազմակերպությունների մեծ մասը պահպանում էր նմանատիպ դիրքորոշում:
Նրանք պնդում էին, որ ուլտրա-մշակված մթերքներն ինքնին վնասակար չեն, և որ օգտագործվող մշակման տեխնոլոգիաներն ու սննդային հավելումներն անվտանգ են, քանի որ կարգավորվում են գործող օրենսդրությամբ: Միաժամանակ առաջարկում էին մթերքները գնահատել ըստ դրանց սննդային արժեքի և մարդու ընդհանուր օրաբաժնի, այլ ոչ թե արդյունաբերական մշակման աստիճանի:
Ինդուստրիայի շատ ներկայացուցիչներ քննադատում էին լայնորեն կիրառվող NOVA դասակարգման համակարգը՝ հայտարարելով, որ այն հակասում է գործող նորմատիվ փաստաթղթերին և սննդի ժամանակակից հանձնարարականներին:
Հետազոտողները բացահայտել են արտադրողների ևս մեկ բնորոշ ռազմավարություն՝ սեփական արտադրանքի առանձնացումը այլ ուլտրա-մշակված մթերքներից: Որոշ ընկերություններ ձգտում էին ապացուցել, որ հենց իրենց ապրանքներն են զգալիորեն ավելի օգտակար, քան մնացածը:
Այսպես, բուսական փոխարինիչների, կաթնամթերքի և չոր նախաճաշերի արտադրողները պնդում էին, որ իրենց արտադրանքը չի կարելի դնել նույն շարքում կարտոֆիլի չիպսերի, քաղցր գազավորված ըմպելիքների, հրուշակեղենի կամ մշակված մսի հետ:
Բացի դրանից, ընկերություններն ակտիվորեն ընդգծում էին իրենց արտադրանքի ենթադրյալ առավելությունները: Օրինակ, առանց շաքարի ըմպելիքների արտադրողները դրանք ներկայացնում էին որպես օրգանիզմի ջրային հաշվեկշիռը պահպանելու կարևոր աղբյուր: Չոր նախաճաշերի արտադրողները հղում էին անում հետազոտություններին, ըստ որոնց հացահատիկային նախաճաշերի օգտագործումը կապված է խրոնիկական հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ՝ որոշ այլ մշակված մթերքների հետ համեմատ:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ճյուղային կազմակերպությունների մի մասը կոչ է անում հետաձգել ուլտրա-մշակված սննդամթերքի պաշտոնական սահմանման ընդունումը՝ պատճառաբանելով լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը: Հեղինակների կարծիքով՝ նման մարտավարությունը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության կողմից կարգավորման նոր միջոցառումների ներդրումը ձգձգելու համար՝ չնայած առողջության վրա ուլտրա-մշակված մթերքների բացասական ազդեցության վերաբերյալ արդեն իսկ առկա գիտական ապացույցների հսկայական ծավալին:
Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ թեև սննդի ինդուստրիայի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ պահպանում են միասնական դիրքորոշում, որոշ ընկերություններ ավելի ու ավելի հաճախ են փորձում տարանջատել իրենց արտադրանքը «վնասակար» ուլտրա-մշակված մթերքներից՝ բացասական դասակարգումից խուսափելու համար:
Փաստացի, նշում են հետազոտողները, այդ ռազմավարությունը հանգում է հետևյալ պնդմանը. «Մեր ուլտրա-մշակված արտադրանքն ավելի օգտակար է, քան ուրիշինը»:
Պրոֆեսոր Լորա Շմիդտը հավելել է, որ ԱՄՆ-ում մեծ սպասումով են նայում ուլտրա-մշակված սննդամթերքի երկար քննարկվող պաշտոնական դաշնային սահմանման հրապարակմանը: Ըստ եղած տեղեկությունների՝ փաստաթուղթն արդեն պատրաստել է ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը (HHS) և ներկայում սպասում է գործադիր իշխանության հաստատմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day