Անսպասելի տեղեկատվության բախվելիս բիբերի լայնացումը կարող է նշան լինել այն բանի, որ ուղեղն անցնում է աշխատանքի նոր ռեժիմի և հարմարվում փոփոխված պայմաններին։ Նման եզրահանգման են եկել Բրաունի համալսարանի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են Nature Human Behaviour հանդեսում:
Գիտնականները պարզել են, որ երբ մարդը իր սպասելիքներին չհամապատասխանող տվյալներ է ստանում, նրա բիբերը լայնանում են, և փոխվում է ուղեղի ակտիվությունը։ Այդ արձագանքներն օգնում են ավելի արագ հրաժարվել նախկին ենթադրություններից և սովորել նոր տեղեկության հիման վրա։
Գիտափորձի ընթացքում 63 մասնակից հետևել է էկրանի գունավոր քառակուսիներին, կանխատեսումներ արել, թե ինչ կտեսնի հաջորդիվ, իսկ այնուհետև բախվել է անսպասելի տարբերակների։ Գիտափորձի ընթացքում հետազոտողները էլեկտրաուղեղագրության միջոցով հետևել են բիբերի տրամագծի փոփոխություններին և ուղեղի ակտիվությանը։
Պարզվել է, որ անսպասելի արդյունքներն ակտիվություն են առաջացրել ուղեղի՝ նորադրենալինի արտադրության համար պատասխանատու «կապույտ բիծ» (locus coeruleus) կոչվող հատվածում։ Վերջինս քիմիական նյութ է, որը կապված է սթրեսին օրգանիզմի արձագանքի և գործողությունների նկատմամբ բարձր պատրաստվածության հետ։
Գիտնականների գնահատմամբ՝ նորադրենալինի ալիքն աշխատում է որպես յուրօրինակ թարմացման մեխանիզմ. ուղեղը կարծես նախկին «համատեքստը» փոխարինում է նորով՝ նվազեցնելով հին ակնկալիքների ազդեցությունը և թույլ տալով ավելի արագ հարմարվել։
Հետազոտողները նշում են, որ մարդիկ հաճախ շրջակա աշխարհն ընկալում են սեփական կանխատեսումների պրիզմայով, սակայն անսպասելի իրադարձություններից հետո այդ կանխատեսումներն արագ փոխելու ունակությունը ուսուցման և հարմարվողականության կարևոր մաս է: Բիբերի փոփոխությունները և ուղեղի որոշակի ազդանշանները կարող են այդ գործընթացի արտաքին նշաններ ծառայել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day