Գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուների և ցածր դեղաչափով ացետիլսալիցիլաթթվի (ասպիրինի) համադրությունը կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան հակաբիոտիկները ծանր պարոդոնտիտի՝ լնդերի քրոնիկական բորբոքային հիվանդության բուժման գործում, որը կարող է հանգեցնել ատամների կորստի։
Հետազոտությունը հրապարակվել է «Scientific Reports» ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է ծանր պարոդոնտիտ ունեցող 109 պացիենտ։ Մեկ տարվա ընթացքում հետազոտողները համեմատել են բուժման մի քանի մոտեցումներ՝ ստանդարտ ենթալնդային մաքրում հակաբիոտիկներով, օմեգա-3 հավելումներ և ասպիրին, և երկուսի համադրությունը։
Պացիենտների մի խումբը երկու շաբաթ շարունակ ստացել է մետրոնիդազոլ և ամոքսիցիլին հակաբիոտիկներ։ Մյուս խումբը վեց ամիս շարունակ օրական ընդունել է 3 գրամ օմեգա-3 հավելումներ՝ ցածր դեղաչափով ասպիրինի հետ միասին։ Մեկ տարի անց արդյունքները գործնականում նույնական էին. հակաբիոտիկներ ընդունող պացիենտների մոտ 58 տոկոսը հասել է բուժման նպատակներին՝ օմեգա-3 և ասպիրին ստացողների 57.7 տոկոսի համեմատ։ Միևնույն ժամանակ, հակաբիոտիկներին օմեգա-3 և ասպիրին ավելացնելը որևէ լրացուցիչ բարելավում չի ապահովել։
Գիտնականների կարծիքով՝ օմեգա-3-ը գործում է այլ կերպ, քան սովորական հակաբորբոքային դեղամիջոցները. այն ոչ միայն չի արգելափակում բորբոքումը, այլև օգնում է օրգանիզմին սկսել բնական գործընթացներ հյուսվածքը վերականգնելու համար: Ասպիրինի ցածր դեղաչափը նաև խթանում է այս գործընթացում ներգրավված մոլեկուլների ձևավորումը։
Հետազոտողները նշել են, որ այս արդյունքները հատկապես կարևոր են՝ հաշվի առնելով հակաբիոտիկների նկատմամբ կայունության գլոբալ խնդիրը: Չնայած հակաբիոտիկները շարունակում են արդյունավետ լինել ծանր վարակների դեմ, դրանց օգտագործումը սահմանափակ է՝ կայունության և կողմնակի ազդեցությունների ռիսկի պատճառով։
Հեղինակներն ընդգծել են, որ դեռ վաղ է պարոդոնտիտի դեպքում հակաբիոտիկներից լիովին հրաժարվելու համար: Հետազոտությունն անցկացվել է լուրջ ուղեկցող հիվանդություններ չունեցող պացիենտների շրջանում, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ որոշելու համար, թե ում ամենից հարմար կլինի այս թերապիան։
Գիտնականները կարծում են, որ ապագայում օրգանիզմի բորբոքային ռեակցիայի կառավարումը կարող է դառնալ լնդերի հիվանդության բուժման կարևոր լրացուցիչ ուղղություն և թույլ կտա հակաբիոտիկներն օգտագործել միայն իսկապես անհրաժեշտության դեպքերում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day