Եվրոպայում հորդառատ անձրևները և ջրհեղեղները կարող են բարձրացնել վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը։ Դրա մասին է վկայում Eurosurveillance ամսագրում հրապարակված հետազոտությունների ակնարկը:
Գիտնականները վերլուծել են 2018-2025 թվականներին հրապարակված 14 հետազոտություն և կապ են հայտնաբերել ծայրահեղ տեղումների ու մի շարք վարակների միջև: Դրանց թվում են՝ Կամպիլոբակտերիոզը, լեպտոսպիրոզը, պաթոգեն Escherichia coli (E. coli) շտամներով հարուցված վարակները, վիբրիոզը, հանտավիրուսային վարակները, լեգիոնելյոզը, կրիպտոսպորիդիոզը և մալարիան:
Հիմնական մեխանիզմներից մեկը կապված է ջրի աղտոտման հետ: Հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից հետո կոյուղաջրերը և գյուղատնտեսական տարածքների աղտոտվածությունը կարող են թափանցել խմելու ջրի աղբյուրներ, գետեր և ափամերձ գոտիներ:
Մեծ Բրիտանիայում հորդառատ անձրևներից հետո գրանցվել են պաթոգեն E. coli-ով վարակման դեպքեր: Հետազոտողները ենթադրել են, որ բակտերիաները կարող էին դաշտեր թափանցել հարևան տարածքներից, որտեղ ոչխարներ էին պահվում: Նորվեգիայում առատ տեղումները կարող էին նպաստել խմելու ջրի ջրամբարի աղտոտմանը և կամպիլոբակտերիոզի բռնկմանը:
Հատուկ ռիսկի գոտում են մարդիկ, որոնք շփվում են հեղեղաջրերի հետ մաքրման կամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ (նման դեպքերը հաճախ կապվում են լեպտոսպիրոզի հետ): Օրինակ՝ Իտալիայում ուժեղ ջրհեղեղից հետո գրանցվել են վիբրիոզի դեպքեր, իսկ այլ երկրների ջրհեղեղավտանգ շրջաններում աղիքային վարակների աճ է նկատվել:
Հետազոտողները նաև կապ են հայտնաբերել ծայրահեղ տեղումների և մոծակների ու վարակակիր այլ միջատների հետ կապված հիվանդությունների բռնկումների միջև: Ջրհեղեղներից հետո լճացած ջուրը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել այնպիսի միջատների բազմացման համար, որոնք ունակ են փոխանցել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են Արևմտյան Նեղոսի տենդը և Դենգեի տենդը:
Որոշ դեպքերում ջրհեղեղների հետևանքներն ի հայտ են եկել անգամ հիվանդությունների տարածման սովորական սեզոնից դուրս: Իռլանդիայում՝ հեղեղված շրջաններում աճել է E. coli-ի և Cryptosporidium-ի կողմից հարուցված վարակների թիվը: Բալկանյան հինգ երկրներում 2014 թվականի ցիկլոնից հետո (որն ուղեկցվում էր հորդառատ անձրևներով և ջրհեղեղներով) աճել է հանտավիրուսների հետ կապված հեմոռագիկ տենդով հիվանդացության մակարդակը:
Ընդ որում, գիտնականները նշում են, որ առկա տվյալներն առայժմ սահմանափակ են. հետազոտությունների մեծ մասն անցկացվել է Հյուսիսարևմտյան Եվրոպայում, իսկ տեղումների, ջրհեղեղների և հիվանդությունների գնահատման մեթոդները տարբերվել են միմյանցից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day