Որքան ավելի զարգացած է հասարակությունը, այնքան ավելի հաճախ են երեխաները տառապում ալերգիայից, ասթմայից և ծանր աուտոիմունային հիվանդություններից։ Գյուղաբնակները նման խնդիրներ գրեթե չունեն։ Նոր հետազոտության հեղինակները գտել են մեր մարմնի պաշտպանիչ մեխանիզմների պարադոքսալ աշխատանքի դեմ հնարավոր միջոցը։ Ինչու է չափազանց ստերիլությունը վնասում երեխային:
Տհաճ հոտերն ու մշտական կեղտը. ագարակում կյանքը տարբերվում է հարմարավետության և հիգիենայի մասին ժամանակակից պատկերացումներից։ Գյուղացիական կենցաղի համեմատությամբ՝ քաղաքաբնակն ապրում է գործնականում ստերիլ պայմաններում։ Հակասանիտարական պայմաններից հատկապես խնամքով պաշտպանում են երեխաներին՝ դրանով իսկ ցանկանալով զերծ պահել նրանց վտանգավոր հիվանդություններից։
Չնայած դրան, 20-րդ դարի վերջին պարզվեց, որ քաղաքաբնակ երեխաներ հիվանդությունների որոշ տեսակներով շատ ավելի հաճախ են տառապում, քան ագարակում մեծացածների մոտ: Այդ հիվանդությունները կապված են օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմների աշխատանքի սխալների հետ. դրանք կա՛մ ալերգիաներն ու ասթման են, երբ իմունիտետը գրոհում է համեմատաբար անվնաս մասնիկների վրա, կա՛մ աուտոիմունային հիվանդությունները, երբ օրգանիզմը հարձակվում է ինքն իր վրա։
Այսպես, վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ագարակներում ապրող 10,5 տարեկան երեխաների շրջանում աղկափոշուց ալերգիայի զարգացման ռիսկը կրկնակի ցածր է եղել, քան՝ կենդանիների հետ չշփված նրանց հասակակիցների։
Կան նաև ավելի լուրջ հետևանքներ. այժմ արդեն դասական դարձած հետազոտության մեջ համեմատվել է առաջին տիպի շաքարախտով և ցելիակիայով հիվանդացության մակարդակը ֆինների և նրանց գենետիկորեն մոտ ռուսական Կարելիայի բնակիչների խմբի միջև: Պարզվել է, որ գյուղական պայմաններում մեծացած կարելները վտանգավոր հիվանդություններով ութ անգամ ավելի հազվադեպ են հիվանդանում:
Դեռ 1989 թվականին գիտնական Դեյվիդ Ստրեչանն առաջ քաշեց այսպես կոչված «հիգիենիկ վարկածը», ըստ որի՝ իմունիտետի աշխատանքի խափանումների հանգեցնում է չափազանց ստերիլությունը։ Ճիշտ է, նա կարծում էր, որ որքան քիչ վարակներ է տանում երեխան վաղ տարիքում՝ սանիտարական բարձր որակի պատճառով, այնքան մեծ է ալերգիայի զարգացման ռիսկը։
Այսօր գիտությունը հերքել է դա: Ժամանակակից պատկերացումներով՝ հիվանդությունները չեն պաշտպանում ալերգիայից, այլ միայն թուլացնում են իմունիտետը: Քաղաքաբնակ երեխաների գլխավոր խնդիրը ոչ թե մաքրությունն է, այլ աղքատիկ միկրոֆլորան:
Առողջ իմունիտետի համար երեխային անհրաժեշտ է շփում «օգտակար կեղտի»՝ հողի, ընտանի կենդանիների և գյուղական բնության հետ: Դա գեներին սովորեցնում է ճիշտ աշխատել և նվազեցնում է ալերգիայի ռիսկը:
Այնուամենայնիվ, այս տեսակետն ունի խոցելի կողմ. այն մեծապես հիմնված է պարզ դիտարկումների վրա, որոնք կարող են ցույց տալ միայն քիչ թե շատ համոզիչ փոխկապակցվածություններ։ Իսկ նոր աշխատության հեղինակներն ապացույցներ են ներկայացնում. նրանք բացահայտել են կոնկրետ բակտերիաներ, որոնք խոչընդոտում են ալերգիայի և ասթմայի զարգացմանը։
Հետազոտողների միջազգային խումբը՝ Մյունխենի համալսարանի և Ասթմայի ու ալերգիայի կանխարգելման ինստիտուտի պրոֆեսոր Մարկուս Էգեի գլխավորությամբ, վերլուծել է եվրոպական գյուղական շրջանների ավելի քան հազար երեխայի տվյալներ: Նրանք հավաքել են քսուքներ քթի խոռոչից, փոշի ներքնակներից, ինչպես նաև միկրոմասնիկներ այն 47 ագարակներից, որոնց սեփականատերերն են երեխաներ ունեցող ընտանիքները:
Հետազոտողները կիրառել են գենետիկական վերլուծության ժամանակակից մեթոդներ և բարդ համակարգչային մոդելներ։ Բացառման եղանակով նրանք հայտնաբերել են հիմնական բակտերիաները, օրինակ՝ Romboutsia timonensis և Glutamicibacter arilaitensis։
Այս մանրէներն ապրում են կովերի աղիներում և արտադրում են հատուկ մոլեկուլներ՝ նյութափոխանակիչներ, որոնք հայտնվում են օդում: Շնչելով դրանք՝ մարդն ակտիվացնում է AhR և PPARγ ընկալիչները, որոնք կարծես «հանգստացնում են» իմունիտետը և թույլ չեն տալիս ավելորդ բորբոքման զարգացումը: Այս բակտերիաներն ապահովում են ասթմայի դեմ պաշտպանության երկու երրորդը, իսկ խոտատենդի և էկզեմայի դեմ պաշտպանության՝ կեսը:
Գիտնականներն առաջին անգամ կառուցել են ամբողջական շղթան. կով → բակտերիաներ → դրանց մետաբոլիտներ → մարդու ընկալիչներ → պաշտպանություն ալերգիայից: Այժմ հետազոտողները կարող են հասկանալ այդ ազդեցության մոլեկուլային մեխանիզմները և, հնարավոր է, ստեղծել դեղամիջոց, որը կնմանակի «ֆերմերային» պաշտպանությունը այն երեխաների համար, որոնք չեն ապրում գոմերի հարևանությամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day