• Latest news

Քացախաթթվով ամենօրյա ըմպելիքը կարող է մեղմել փորկապությունը․ Scientific Reports

25 օգոստոսի, 2026  21:42

Քացախի հիմքով ամենօրյա ըմպելիքը թեթև փորկապություն ունեցող մարդկանց մոտ կարող է ավելացնել աղիների գործելու հաճախականությունը: Պատահականացված, կրկնակի կույր, պլացեբո-վերահսկվող հետազոտության արդյունքում նման եզրահանգմանն են եկել ճապոնացի հետազոտողները։ Հրապարակումը կատարվել է Scientific Reports ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է թեթև փորկապություն ունեցող 20-ից 69 տարեկան 44 առողջ ճապոնացի: Չորս շաբաթվա ընթացքում 22 մասնակից ամեն օր նախաճաշին խմել է 750 մգ քացախաթթու պարունակող 200 մլ ըմպելիք, իսկ մյուս 22-ը ստացել են 30 մգ կիտրոնաթթվով պլացեբո: Մասնակիցների սննդակարգն ու ապրելակերպը դրանից չեն փոխվել:

Մասնակիցներն ամեն օր գրանցել են աղիների գործելու հաճախականությունն ու կղանքի մյուս հատկանիշները: Չորս շաբաթ անց քացախով ըմպելիքն օգտագործած խմբում կղման հաճախականությունը շաբաթական միջինում մոտ 1,2 անգամ ավելի բարձր է եղել, քան պլացեբոյի խմբում: Որոշակի բարելավումներ, մասնավորապես՝ կղանքի ծավալի ավելացումն ու աղիների գործելու օրերի քանակի աճը, նկատվել են արդեն առաջին շաբաթվա ընթացքում:

Ընդ որում, հետազոտողները աղիքային միկրոբիոտայի բազմազանության էական փոփոխություններ չեն հայտնաբերել: Ուստի նրանք ենթադրել են, որ քացախի ազդեցությունը կարող է կապված լինել ոչ թե աղիքային բակտերիաների կազմի փոփոխության, այլ, օրինակ, ստամոքս-հաստաղիքային ռեֆլեքսի ուժեղացման հետ․ դա սնունդ ընդունելու վերաբերյալ աղիների բնական արձագանքն է, որը խթանում է դրանց շարժողականությունը: Այնուամենայնիվ, այս մեխանիզմն ուղղակիորեն չի ուսումնասիրվել և մնում է որպես վարկած:

Հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները դեռևս չեն կարող փորկապության դեմ ունիվերսալ միջոցի ապացույց համարվել: Հետազոտությանը մասնակցել է ընդամենը 44 մարդ, նրանք բոլորը թեթև փորկապությամբ առողջ ճապոնացիներ են եղել, իսկ տվյալները մասնակիցները գրանցել են ինքնուրույն: Բացի այդ, հետազոտողները ստուգել են քացախաթթվի միայն մեկ դոզա և չեն վերահսկել մասնակիցների ճաշացանկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll