• Latest news

Աշխարհում առաջին անգամ պացիենտը գլխուղեղի վիրահատության է ենթարկվել իրական ժամանակում արհեստական բանականության կիրառմամբ

27 օգոստոսի, 2026  22:27

Աշխարհում առաջին անգամ պացիենտին գլխուղեղի վիրահատության են ենթարկել իրական ժամանակում աշխատող արհեստական բանականության կիրառմամբ: Նորարարական ընթացակարգի ընթացքում բժիշկները հաջողությամբ հեռացրել են ուռուցքը, ինչը կարևոր քայլ է դարձել ԱԲ-ի կիրառմամբ վիրաբուժության զարգացման գործում:

Բեդֆորդշիրից երկու երեխաների հայր, 48-ամյա Ռիս Հիբերթը եզակի վիրահատության է ենթարկվել Լոնդոնի համալսարանական հիվանդանոցում (UCLH): Վիրաբույժների խոսքով՝ առանց միջամտության ուռուցքն ի վերջո կարող էր հանգեցնել տեսողության կորստի:

Մինչ հիվանդությունը Հիբերթը առողջ էր և ճաշի ընդմիջմանը կանոնավորապես երկու մղոնանոց զբոսանքներ էր անում: Մոտ 18 ամիս առաջ նա զբոսանքի ժամանակ անսպասելիորեն կորցրել էր գիտակցությունը և նոպա ունեցել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու մոտ հայտնաբերվել է 11 մմ չափի բարորակ ուռուցք հիպոֆիզում՝ ուղեղի հիմքում գտնվող փոքր գեղձում, որն արտադրում է աճը, նյութափոխանակությունը, զարկերակային ճնշումը և մարմնի ջերմաստիճանը կարգավորող հորմոնները:

Ուռուցքը գտնվում է ուղեղը արյունով ապահովող քնային զարկերակների և տեսողության համար պատասխանատու տեսողական նյարդերի վտանգավոր հարևանությամբ: Աճելուն զուգընթաց՝ այն սկսել էր ճնշել տեսողական նյարդերը, ինչի պատճառով Հիբերթի մոտ նեղացել էր ծայրամասային տեսողությունը: Բացի այդ, նա ուժեղ հոգնածություն, գլխապտույտ և կոորդինացիայի հետ կապված խնդիրներ էր զգացել:

Թեև անհետաձգելի վիրահատություն սկզբում չէր պահանջվում, ավելի ուշ բժիշկները Հիբերթին առաջարկել են դառնալ առաջին պացիենտը, ում նման միջամտություն կանեն հատուկ մշակված արհեստական բանականության համակարգի օգնությամբ:

«Ես մտածեցի․ եթե հիվանդները պատրաստ չլինեն մասնակցել հետազոտություններին, ինչպե՞ս կարող են բժիշկները սովորել և ինչպե՞ս կարող է զարգանալ բժշկությունը»,- պատմել է նա:

ԱԲ-ն որպես լրացուցիչ «փորձագիտական աչքեր»

Վիրահատությունն իրականացրել են քթի միջով՝ էնդոսկոպի օգնությամբ․ դա բարակ տեսախցիկ է, որը վիրաբույժներին թույլ է տալիս հասնել գանգի հիմքին՝ առանց արտաքին մեծ կտրվածքի:

Ուռուցքը տեղակայված էր ոսկրային հյուսվածքի և պինդ թաղանթի շերտերի հետևում, սակայն դրա հեռացման ամենաանվտանգ ուղին որոշելը հեշտ չէր: Խոշոր արյունատար անոթներին և նյարդերին մոտ լինելը բարձրացնում էր բարդությունների ռիսկը:

Վիրահատության ընթացքում ԱԲ համակարգը վերլուծել է տեսահոսքը իրական ժամանակում: Այն հետևել է վիրաբուժական գործիքներին և նշել այն հատվածները, որտեղ, ամենայն հավանականությամբ, տեղակայված էին կարևոր արյունատար անոթներն ու նյարդերը: Դա վիրաբույժներին օգնել է որոշել ուռուցքի հեռացման ամենաանվտանգ գոտիները:

Տեխնոլոգիան աշխատում է սմարթֆոններում դեմքերի ճանաչման համակարգերին նմանվող սկզբունքով: Սակայն դեմքերի փոխարեն այն ճանաչում է նաև այնպիսի կարևոր անատոմիական կառուցվածքներ, որոնք կարող են անմիջականորեն տեսանելի չլինել վիրաբույժին:

ԱԲ-ի ուսուցման համար հետազոտողներն օգտագործել են հիպոֆիզի ուռուցքների հեռացման վիրահատությունների հարյուրավոր տեսագրությունները: Մասնագետները տեսանյութերում ձեռքով նշել են արյունատար անոթներն ու նյարդերը, ինչի շնորհիվ համակարգը սովորել է ճանաչել այդ կառուցվածքները անմիջապես վիրահատական միջամտության ընթացքում:

«Համակարգն ուսուցանվել է ավելի շատ վիրահատությունների օրինակով, քան վիրաբույժների մեծ մասն իրականացնում է ամբողջ կյանքում»,- նշել է վիրահատությանը մասնակցած պրոֆեսոր Հանի Մարկուսը՝ հավելելով, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ «երկրորդ փորձառու աչքը» մասնագետների համար։

Ի տարբերություն փորձարարական բժշկական ԱԲ բազմաթիվ համակարգերի, որոնք լուսանկարները կամ տեսագրությունները վերլուծում են վիրահատությունից հետո, այս տեխնոլոգիան աշխատում է անմիջապես վիրահատության ընթացքում:

Ընդ որում, հետազոտողները ընդգծում են, որ ԱԲ-ն ինքնուրույն որոշումներ չի կայացնում: Լիակատար վերահսկողությունը մնում է վիրաբույժների ձեռքում, ովքեր կարող են ընդունել կամ մերժել նրա առաջարկությունները:

Երկարաժամկետ հեռանկարում թիմը մտադիր է «վիրաբույժների համար նախատեսված ChatGPT ստեղծել»։ Այն օգնական է, որը կկարողանա փորձագիտական խորհրդատվություն տրամադրել բարդ վիրահատությունների ժամանակ, երբ բժիշկներին լրացուցիչ տեղեկատվություն կպահանջվի:

«Այն ինձ վերադարձրեց իմ կյանքը»

Վիրահատությունն, ըստ ամենայնի, զգալիորեն բարելավել է Հիբերթի վիճակը:

«Երբ վիրահատությունից հետո բացեցի աչքերս, ինձ թվաց, թե 360 աստիճանի տեսողություն ունեմ: Ես մոտ մեկ տարի այդքան պարզ չէի տեսել»,- պատմել է տղամարդը:

Վիրահատությունից հետո ութ շաբաթվա ընթացքում նա շարունակել է տեսողության բարելավում նկատել: Բացի այդ, նրան է վերադարձել էներգիան, իսկ վիրահատությունից առաջ մտահոգող ախտանիշները անհետացել են:

«Այն ինձ վերադարձրեց իմ կյանքը»,- ասել է Հիբերթը:

ԱԲ համակարգը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտողների կողմից՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության և խնամքի հետազոտությունների ազգային ինստիտուտի (NIHR) և Google-ի ֆինանսական աջակցությամբ:

Լաբորատոր պայմաններում տեխնոլոգիայի մի քանի տարվա փորձարկումներից հետո գիտնականներն այժմ պատրաստվում են ավելի լայնամասշտաբ կլինիկական հետազոտություն իրականացնել:

Հետազոտողները կարծում են, որ հաջողված վիրահատությունը ցույց է տալիս իրական ժամանակում ԱԲ-ի կիրառման հեռանկարայնությունը: Ապագայում նման համակարգերը կարող են օգնել վիրաբույժներին կողմնորոշվել մարդկային օրգանիզմի ամենաբարդ հատվածներում, ընդ որում՝ վերջնական որոշումները նախկինի պես կայացնելու են բժիշկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll