• Latest news

Ոչ միայն APOE4-ը․ գիտնականները բացահայտել են Ալցհայմերի հիվանդության ռիսկը փոխող 44 գեները

1 սեպտեմբերի, 2026  22:41

Հետազոտողների միջազգային խումբը բացահայտել է 44 գեն, որոնք կարող են կապված լինել Ալցհայմերի հիվանդության զարգացման մեխանիզմների հետ և թիրախներ դառնալ կանխարգելման ու բուժման ապագա անհատականացված մեթոդների համար: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia ամսագրում:

Գիտնականներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել APOE գենի APOE4 տարբերակին: Այն համարվում է Ալցհայմերի հիվանդության զարգացման գլխավոր գենետիկական ռիսկի գործոններից մեկը․ APOE4-ի մեկ կամ երկու պատճեն ունեցող մարդկանց մոտ հիվանդության զարգացման հավանականությունը 4–12 անգամ ավելի բարձր է, քան այս տարբերակը չունեցողների մոտ: Այնուամենայնիվ, APOE4-ի առկայությունը չի նշանակում, որ մարդն անպայման կհիվանդանա:

Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները փորձել են հասկանալ, թե ինչու են APOE4-ի որոշ կրողներ առողջ մնում: Դրա համար նրանք վերլուծել են եվրոպական, աֆրիկյան և ճապոնական ծագում ունեցող շուրջ 450 հազար մարդու գենետիկական տվյալները:

Արդյունքում բացահայտվել է 44 գեն՝ կապված բջիջների որոշակի տեսակների հետ, որոնք կարող են մասնակցել Ալցհայմերի հիվանդության զարգացմանը: Այս գեների մի մասի համար հետազոտողները որոշել են նաև պոտենցիալ դեղամիջոցներ, որոնք ունակ են ազդել համապատասխան կենսաբանական մեխանիզմների վրա:

Հատկապես ակնառու է եղել APOE4-ի հետ ասոցացվող գեների կապն օլիգոդենդրոցիտների՝ նյարդային համակարգի այն բջիջների հետ, որոնք ձևավորում են միելինը: Այս պաշտպանիչ շերտը շրջապատում է նյարդաթելերը և օգնում նրանց արդյունավետորեն փոխանցել ազդանշանները:

Հեղինակների կարծիքով՝ օլիգոդենդրոցիտների և միելինապատման աշխատանքի խանգարումը կարող է լինել այն մեխանիզմներից մեկը, որոնք կապում են APOE4-ը Ալցհայմերի հիվանդության զարգացման հետ: Ուստի համապատասխան գեների վրա ազդեցությունը պոտենցիալ կերպով կարող է օգնել պահպանել նեյրոնների միելինային թաղանթը և նվազեցնել APOE4 կրողների մոտ հիվանդության հետևանքները:

Հետազոտողներն այս արդյունքները դիտարկում են որպես քայլ դեպի Ալցհայմերի հիվանդության անհատականացված թերապիա, որի դեպքում բժիշկը կկարողանա որոշել պացիենտի մոտ հիվանդության ռիսկը բարձրացնող կոնկրետ կենսաբանական մեխանիզմները և ընտրել կանխարգելումն ու բուժումը՝ հաշվի առնելով նրա գենետիկական առանձնահատկությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll