Ծխող կանանց մոտ անպտղության ռիսկը 40%-ով ավելի բարձր է, քան չծխողների մոտ։ Ծխելը նաև վատթարացնում է տղամարդկանց սպերմայի որակը և նվազեցնում անպտղության հաջող բուժման հավանականությունը։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտական տվյալների ակնարկում։ Արդյունքները ներկայացված են պաշտոնական կայքում։
«Ընդ որում, ծխախոտից հրաժարվելը կարող է նվազեցնել ռիսկերը։ Այն կանանց մոտ, որոնք նախկինում ծխել են, բայց թողել են, անպտղության հավանականությունը 25%-ով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր շարունակում են ծխել։ Որքան շուտ է մարդը հրաժարվում ծխախոտից, այնքան ավելի լավ է վերարտադրողական առողջության համար»,- ընդգծել են հետազոտողները։
Ծխելը կապված է տղամարդու ֆերտիլության խանգարման հետ։ Ծխող տղամարդկանց մոտ ավելի հաճախ են ի հայտ գալիս էրեկցիայի և էյակուլյացիայի հետ կապված խնդիրներ, իսկ սպերմայում կարող է նկատվել սպերմատոզոիդների շարժունակության նվազում և ձևի փոփոխություն։ Որոշ դեպքերում սպերմատոզոիդները կարող են իսպառ բացակայել։
Ծխելն առանձնապես վտանգավոր կարող է լինել անպտղության բուժում անցնող մարդկանց համար։ 21 հետազոտության վերլուծությունը կապ է բացահայտել ծխելու և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից, այդ թվում՝ ԱՄԲ-ից (արտամարմնային բեղմնավորում) հետո հղիությունների ու կենդանածնության ավելի փոքր թվի միջև։ ԱՀԿ տվյալներով՝ ծխելը կարող է մոտ երկու անգամ նվազեցնել նման բուժման հաջողության շանսերը։
Ֆերտիլության վրա կարող է բացասաբար ազդել նաև պասիվ ծխելը։ Ծխախոտի ծխի կանոնավոր ազդեցությունը կանանց մոտ կապված է անպտղության բարձր ռիսկի և փորձերի յուրաքանչյուր ամսում հղիանալու ավելի ցածր հավանականության հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day