• Latest news

Օդի աղտոտվածությունը կարող է մեծացնել ինքնասպանության շուրջ մտքերի և ինքնասպանության ռիսկը

16 սեպտեմբերի, 2026  18:36

Օդի աղտոտվածությունը, հատկապես մանր կախույթային մասնիկներով PM2.5 և PM10 և ազոտի երկօքսիդով, կարող է մեծացնել ինքնասպանության հետևանքով մահվան և ինքնասպանության շուրջ մտքերի բարձր ռիսկը։ Նման եզրակացության են հանգել նախկինում հրապարակված հետազոտությունների համակարգված ակնարկի և միացյալ վերլուծության հեղինակները, որոնց արդյունքները ներկայացված են Journal of Epidemiology & Community Health բժշկագիտական հանդեսում։

Գիտնականները վերլուծել են 2010 թվականի հունվարից մինչև 2024 թվականի ապրիլն անգլերենով հրապարակված հետազոտությունները։ Մանրամասն ուսումնասիրության համար ընտրված 287 աշխատանքներից 45-ը համապատասխանել են վերլուծության չափանիշներին. 33-ը նվիրված են եղել ինքնասպանության հետևանքով մահերին, յոթը՝ ինքնասպանության շուրջ մտքերին և հինգը՝ ինքնասպանության փորձերին։

Հետազոտությունների մեծ մասն ուսումնասիրել է օդի աղտոտվածության ազդեցությունը՝ 38 աշխատություն։ Եվս երեքը նվիրված են եղել ջրի աղտոտմանը, երեքը՝ աղմկային աղտոտմանը և մեկը՝ լուսային աղտոտմանը։

Միացյալ վիճակագրական վերլուծության համար հետազոտողներն օգտագործել են 29 հետազոտությունների տվյալներ։ Ամենահամոզիչ կապը հայտնաբերվել է PM2.5-ի և PM10-ի կարճաժամկետ ազդեցության, ինչպես նաև PM2.5-ի և ազոտի երկօքսիդի (NO2) երկարաժամկետ ազդեցության և ինքնասպանության, ինքնասպանության փորձերի ու ինքնասպանության շուրջ մտքերի վտանգի միջև։

Մնացած հետազոտությունների ակնարկը միաժամանակ մատնանշել է հնարավոր փոխադարձ կապը ինքնասպանության վարքագծի և այլ օդային աղտոտիչների, դրանց  թվում՝ ծծմբի երկօքսիդի և օզոնի, ինչպես նաև աղմկային աղտոտման ազդեցության միջև։ Ընդ որում, ջրի աղտոտման և լուսային աղտոտման դեպքում անհնար է եղել միավորել հետազոտությունների արդյունքները՝ հասանելի աշխատանքների փոքր քանակի և գնահատման եղանակներում առկա էական տարբերությունների պատճառով։

Գիտնականները ենթադրում են մի քանի հնարավոր մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել հայտնաբերված կապերը։ Օդի որոշ աղտոտիչներ, ինչպես նաև աղտոտված ջրում պարունակվող մկնդեղը, կապարը, լիթիումը և նիտրատները կապված են բորբոքային գործընթացների և նյարդային համակարգի վնասման հետ, որոնք կարող են ազդել ուղեղի աշխատանքի, տրամադրության և սթրեսի նկատմամբ կայունության վրա։ Աղմկային և լուսային աղտոտվածությունն իրենց հերթին կարող են մեծացնել սթրեսի մակարդակը և խախտել բնական կենսաբանական ռիթմերը։

Ընդ որում, հեղինակներն ընդգծում են իրենց աշխատանքի սահմանափակումները։ Ուսումնասիրվող յուրաքանչյուր ելքի վերաբերյալ հետազոտությունները համեմատաբար քիչ են, իսկ դրանց մեթոդիկան ու դիզայնը զգալիորեն տարբերվում են։ Հետևաբար, արդյունքները մատնանշում են վիճակագրական կապ շրջակա միջավայրի աղտոտման և ինքնասպանության վարքագծի միջև, սակայն չեն ապացուցում պատճառահետևանքային կապը։

Հետազոտողները կարծում են, որ բնապահպանական գործոնները պետք է հաշվի առնվեն ինքնասպանության կանխարգելման ռազմավարություններ մշակելիս։ Նրանց կարծիքով՝ օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված միջոցառումները և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի այլ գործողություններ պոտենցիալ կերպով կարող են հանրային և հոգեկան առողջության ոլորտի համալիր քաղաքականության մաս դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll