British Journal of Sports Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ և՛ քայլերի քանակը, և՛ քայլելու արագությունն ազդում են բոլոր պատճառներից և սրտանոթային հիվանդություններից մահացության վրա: Դա նշանակում է, որ ամենօրյա քայլերի թվի և քայլքի տեմպի տարբեր համադրություններ կարող են կապված լինել վաղաժամ մահվան ավելի ցածր ռիսկի հետ:
«Մեր արդյունքները թույլ են տալիս առաջարկել մահացության ռիսկի նվազեցման ճկուն ռազմավարություններ՝ հիմնված քայլերի քանակի վրա միջին և բարձր տարիքի մարդկանց համար, հատկապես նրանց, ում համար դժվար է մեծացնել կամ ամենօրյա քայլերի թիվը, կամ քայլելու ինտենսիվությունը»,- հայտարարել են հետազոտողները՝ ընդգծելով, որ նախորդ աշխատանքների մեծ մասը չի դիտարկել ամենօրյա քայլերի քանակի և քայլքի ինտենսիվության տարբեր համադրությունների կապը մահվան ռիսկի հետ։
Գիտնականները վերլուծել են UK Biobank-ի միջին տարիքի մասնակիցների ֆիտնես-թրեյքերների տվյալները, որոնք սարքը կրել են յոթ օրվա ընթացքում 2013-2015 թվականներին, հայտնում է Euronews-ը։
Վերլուծելով 40-69 տարեկան 64 հազար 743 մասնակիցների դյուարկիր սարքերի տվյալները, որոնք օրական անցել են օրական 5000-ից պակասից մինչև 10 հազարից ավելի քայլ՝ տարբեր տեմպերով, հետազոտողները պարզել են, որ վաղաժամ մահվան ռիսկի ամենամեծ նվազումը նկատվել է նրանց մոտ, ովքեր օրական կատարել են 7500-ից մինչև 10 հազար քայլ՝ անկախ քայլելու արագությունից:
Բացի դրանից, ամեն օր առնվազն 30 րոպե տևողությամբ ավելի արագ տեմպը (րոպեում մոտ 90 քայլ) նույնպես կապված է եղել ցանկացած պատճառից մահանալու ավելի ցածր ռիսկի հետ՝ անկախ քայլերի ընդհանուր թվից:
«Անկախ օրական քայլերի ընդհանուր քանակից՝ քայլերի ավելի բարձր հաճախականության պահպանումը կարող է խոստումնալից նպատակ լինել վաղաժամ մահացության կանխարգելման համար»,- ասվում է աշխատանքում:
Նրանց համար, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում և օրական կատարում են 5000-ից պակաս քայլ, «քայլելու տեմպի բարձրացումը կարող է էականորեն նվազեցնել բոլոր պատճառներից և սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը», նշում են հետազոտողները։ Միևնույն ժամանակ, նրանք, (ովքեր նախընտրում են ավելի դանդաղ քայլել), կարող են օգուտ քաղել՝ ավելացնելով քայլերի ընդհանուր քանակը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day