• Latest news

Հանգստյան օրերին ոչ կանոնավոր սնվելը վնասում է տղամարդկանց սրտին․ հետազոտություն

19 սեպտեմբերի, 2026  08:34

Պատահո՞ւմ է, որ հանգստյան օրերին նախաճաշեք ճաշի ժամին, իսկ ընթրեք այն ժամանակ, երբ սովորաբար արդեն քնած եք լինում: Գիտնականներն այս անհամապատասխանությունն անվանում են «սննդային ջեթլագ», և այն կարող է վնասել տղամարդկանց սիրտը, ընդ որում՝ խոսքը միայն տղամարդկանց մասին է։

Աշխատանքի կամ դասերի վաղ մեկնարկը հաճախ մարդկանց ստիպում է աշխատանքային օրերին փոխել սնվելու ժամերը, ինչի հետևանքով դրանք սկսում են տարբերվել հանգստյան օրերի սննդակարգի գրաֆիկից:

Սնվելու ռեժիմի շեղումը կարող է խախտել օրգանիզմի կենսաբանական ռիթմերն ու բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի վրա, նշվում է ֆրանսիական նոր հետազոտության մեջ, փոխանցում է Euronews-ը: Տղամարդկանց շրջանում «սննդային ջեթլագի» յուրաքանչյուր հավելյալ ժամը 14%-ով մեծացրել է սրտանոթային հիվանդությունների և 21%-ով՝ սրտի իշեմիկ հիվանդության վտանգը:

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ կանոնավոր սնվելու ռեժիմը՝ քնի և սննդակարգի որակի հետ մեկտեղ, կարևոր դեր է խաղում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում»,- նշում են հեղինակները:

Communications Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը վերլուծել է ավելի քան 100 000 մասնակցի առաջին և վերջին սնունդն ընդունելու ժամերը աշխատանքային և հանգստյան օրերին՝ 2009-ից 2023 թվականներն ընկած 14-ամյա դիտարկումների ընթացքում:

Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ըստ սնվելու ռեժիմի. առաջին խումբը հանգստյան օրերին սնվել է ավելի վաղ, քան աշխատանքային օրերին, երկրորդը պահպանել է գրեթե նույն գրաֆիկը, իսկ երրորդը հանգստյան օրերին սնվել է ավելի ուշ:

Սովորականից ավելի շուտ կամ ավելի ուշ սնվող երկու խմբերում էլ սրտանոթային հիվանդությունների ռիսկն ավելի բարձր է եղել, քան կանոնավոր ռեժիմ պահպանողների մոտ՝ անկախ սննդի ընդհանուր որակից։

Անսպասելիորեն, այս երևույթը նկատվել է միայն տղամարդկանց մոտ. կանանց դեպքում սնվելու գրաֆիկի փոփոխություններն էական ազդեցություն չեն ունեցել:

Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ տղամարդկանց մոտ առհասարակ ավելի բարձր է սրտանոթային հիվանդությունների բացարձակ ռիսկը: Հեղինակները նաև նշում են, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի շատ են հակված առավոտյան ապրելակերպին (վաղ արթնանալուն). այս տարբերությունը պայմանավորված է անատոմիական և հորմոնալ ֆոնի առանձնահատկություններով և կարող է ազդել սնվելու ռեժիմի տեղաշարժերի նկատմամբ օրգանիզմի արձագանքի վրա:

Հեղինակների հիմնական վարկածն այն է, որ սննդային ջեթլագը մեծացնում է սրտանոթային խնդիրների վտանգը՝ ցիրկադային ռիթմերի խախտման պատճառով։

Ցիրկադային ռիթմերն օրգանիզմի ներքին ժամացույցն են, որոնք աշխատում են 24-ժամյա ցիկլով և կարգավորում դրա գործառույթները: Դրանք հիմնականում հարմարվում են լույսին, սակայն սնվելու ռեժիմը նույնպես կարող է համաժամանակիչ ծառայել ծայրամասային ժամացույցների համար, օրինակ՝ լյարդում և սրտում: Երբ սնվելը համապատասխանում է այս ներքին ռիթմերին, այն ապահովում է նյութափոխանակության առողջությունը, մինչդեռ անհամապատասխանությունը խախտում է օրգանիզմի ներքին հավասարակշռությունը:

Հեղինակները շեշտում են՝ եթե այս արդյունքները հաստատվեն հետագա լայնածավալ հետազոտություններով, ապա սնվելու ժամերի կանոնավորությունը կարող է դառնալ քրոնիկական հիվանդությունների ռիսկը նվազեցնելուն և առողջապահական համակարգի բեռը թեթևացնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների հիմնական թիրախներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll