• Latest news

Գիտնականները համեմատել են կանանց ուղեղի փոփոխությունները կյանքի երեք կարևորագույն փուլերում․ Nature

23 սեպտեմբերի, 2026  16:42

Ամստերդամի համալսարանական բժշկական կենտրոնի հետազոտողները պարզել են, թե ինչպես են հորմոնալ երեք հիմնական փուլերը՝ սեռական հասունացումը, հղիությունը և դաշտանադադարը, վերակառուցում կնոջ գլխուղեղը։ Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում մասնագետներն ապացուցել են, որ առաջին երկու շրջաններն ուղեկցվում են գորշ նյութի համանման կրճատմամբ, մինչդեռ դաշտանադադարը սկզբունքորեն այլ մեխանիզմ է գործարկում։

Մասնագետները վերլուծել են 1095 կնոջ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) տվյալներ՝ համեմատելով կյանքի տարբեր փուլերում գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները։ Պարզվել է, որ մենարխեի (առաջին դաշտանի) և հղիության շրջանում գլխուղեղի կեղևի ծավալը զգալիորեն փոքրանում է։ Այս գործընթացն առավել ակտիվ է ընթանում ճակատային, գագաթային և քունքային բլթերում՝ այն գոտիներում, որոնք պատասխանատու են սոցիալական փոխազդեցության և կոգնիտիվ գործառույթների համար։ Գիտնականներն այս վերակառուցումը կապում են սեռական հորմոնների կտրուկ աճի հետ, ինչը աղջիկների օրգանիզմը նախապատրաստում է հասուն կյանքին, իսկ կանանցը՝ մայրությանը։

Ընդ որում, պարզվել է, որ դաշտանադադարն արմատապես տարբերվում է նախորդ փուլերից։ Նյարդային հյուսվածքների արագացված կորստի փոխարեն՝ կլիմաքսի շրջանում կանանց մոտ ծավալային փոփոխություններն իսպառ բացակայել են։ Եթե մինչև դաշտանադադարը և դրանից հետո մասնակիցների գլխուղեղը ծերացման հետևանքով բնական ճանապարհով փոքրանում էր, ապա բուն անցումային փուլում գտնվողների մոտ այդ գործընթացն անսպասելիորեն արգելակվում էր: Հորմոնների մակարդակի նվազումը ստեղծում է նեյրոպլաստիկության եզակի մեխանիզմ, որը ժամանակավորապես պաշտպանում է նեյրոնները։

Գորշ նյութը բաղկացած է նեյրոնների մարմիններից և պատասխանատու է տեղեկատվության մշակման, մտածողության, հիշողության ու հույզերի համար։ Դեռահասության տարիքում և հղիության ժամանակ դրա նվազումը նեյրոնային կապերի «օպտիմալացման» բնականոն փուլ է. ուղեղն ազատվում է ավելորդ բջիջներից՝ դառնալով առավել արդյունավետ։ Սակայն մինչ այս հետազոտությունը գիտնականները չունեին ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչպես են այս փուլերը փոխկապակցված միմյանց։ Նախկինում նշվում էր, որ կանանց նեյրոկենսաբանությունը չափազանց հատվածական է ուսումնասիրված. գիտական աշխատանքների ընդամենը մի քանի տոկոսն է կենտրոնացել սեռային տարբերությունների վրա։

Այս բացահայտումն օգնում է հասկանալ, թե ինչու է կնոջ գլխուղեղը կյանքի որոշակի փուլերում տարբեր կերպ արձագանքում սթրեսին և կոգնիտիվ ծանրաբեռնվածությանը։ Բացի այդ, արդյունքները կարող են լույս սփռել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բնույթի վրա։ Բժիշկները փորձում են պարզել, թե ինչու է կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը մեծանում հենց կլիմաքսից հետո։ Տարիքային փոփոխությունների արգելակման մեխանիզմների բացահայտումը կարող է օգնել դեմենցիայի կանխարգելման նոր մեթոդների ստեղծման հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll