• Latest news▼

Վիրուսային տեսանյութերի գրեթե 95%-ը կորեական «ապակե» մաշկի խնամքի մասին ապակողմնորոշող խորհուրդներ է պարունակում. գիտնականներ

1 հոկտեմբերի, 2026  21:29

TikTok-ում կորեական մաշկի խնամքի և այսպես կոչված «ապակե» մաշկի ձգտման մասին հայտնի տեսանյութերի գրեթե 95%-ը առնվազն մեկ հնարավոր ապակողմնորոշող պնդում է պարունակում: Ընդ որում, մաշկի հնարավոր ռիսկերի մասին տարրական նախազգուշացումները չափազանց հազվադեպ են հանդիպում: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները Եվրոպական մաշկաբանության և վեներոլոգիայի ակադեմիայի համաժողովում 2026 թվականին, գրում է Medical Xpress-ը:

Սոցիալական ցանցերում «ապակե մաշկ» են անվանում հարթ, մաքուր և լավ խոնավեցված մաշկը: Այդ թրենդի ժողովրդականությունն աճել է ամբողջ աշխարհում, իսկ խնամքի առաջարկություններով առանձին տեսանյութեր միլիոնավոր դիտումներ են հավաքում:

Հետազոտողները վերլուծել են կորեական խնամքի և «ապակե» մաշկի մասին հայտնի հոլովակները, որոնք հրապարակվել են TikTok-ում 2026 թվականի մայիսին: Հարթակի ալգորիթմների ազդեցությունը նվազեցնելու համար նրանք առանց դիտումների և փոխազդեցությունների պատմության հաշիվ են օգտագործել։ Ընտրությունից հետո հետազոտության մեջ 38 տեսանյութ է ներառվել:

Հոլովակների գրեթե 95%-ը պարունակել է առնվազն մեկ հնարավոր ապակողմնորոշող պնդում, 84%-ը հաշվի չի առել մաշկի տեսակների միջև տարբերությունները, իսկ 45%-ն առաջարկել է մի քանի ակտիվ բաղադրիչներ համադրել առանց անվտանգության մասին բավարար նախազգուշացումների: Հոլովակների 32%-ում էլ արագ արդյունքներ են խոստացվել:

Ընդ որում, ռիսկերի մասին բազային տեղեկատվությունը գործնականում բացակայել է: Միայն մեկ հոլովակում է հիշատակվել մաշկի գրգռման հնարավորությունը, երկուսը նախազգուշացրել են արևից պաշտպանվելու անհրաժեշտության մասին, իսկ կոնտակտային դերմատիտի ռիսկի մասին չի խոսել ոչ մի հեղինակ: Ոչ մի տեսանյութում հանդիսատեսին չի առաջարկվել դիմել մաշկաբանի:

Տեսանյութերի մոտ 82%-ը ստեղծել են առանց բժշկական կրթության մարդիկ, 11%-ը՝ կոսմետիկ բրենդները, ևս 8%-ը՝ բյութի-բովանդակության այլ հեղինակներ: Ուսումնասիրված նյութերի թվում մաշկաբանների տեսանյութեր չեն եղել:

Առանձին հետազոտություն, որը նույնպես ներկայացվել է համաժողովում, ցույց է տվել նման հանձնարարականների հնարավոր հետևանքները: Դրան մասնակցել է 94 բուժառու, որոնց մոտ սոցիալական ցանցերում առաջ մղվող կոսմետիկ կամ մաշկաբանական միջոցներն օգտագործելուց հետո մաշկի հետ կապված նոր խնդիրներ են առաջացել կամ սրվել են առկաները:

Ամենից հաճախ խնդիրները կապված են եղել ալֆա-հիդրօքսիթթուներով և բետա-հիդրօքսիթթուներով թթվային միջոցների հետ. դրանց բաժին է ընկել դեպքերի 34%-ը: Դրան հաջորդել են առանց դեղատոմսի տրվող ռետինոիդները՝ 27%, C վիտամինով շիճուկները՝ 14%, և նիացինամիդով միջոցները՝ 11%:

Բուժառուների գրեթե կեսը՝ 48%-ը, ամբողջությամբ ընդօրինակել է մաշկի խնամքը սոցիալական ցանցերից, իսկ 63%-ը միաժամանակ օգտագործել է երեքից ավելի ակտիվ բաղադրիչ:

Ամենատարածված ռեակցիան պարզվել է գրգռող կոնտակտային դերմատիտը՝ դեպքերի 42%-ը: Եվս 28%-ի մոտ առաջացել են պզուկներ կամ զգալիորեն վատացել են արդեն առկաները, 12%-ի մոտ նկատվել է ռոզացեայի սրացում կամ դրան նմանվող բորբոքում: 11%-ի դեպքում առաջացել է հետբորբոքային հիպերպիգմենտացիա, իսկ 7%-ի մոտ՝ մակերեսային քիմիական այրվածքներ:

Հետազոտողներն ընդգծում են, որ խնդիրը բուն կորեական կոսմետիկայի մեջ չէ: Նրանց շատ ավելի շատ է անհանգստացնում այն, թե ինչպես են մաշկի փափուկ մաքրման, խոնավացման և պաշտպանական արգելքի վերականգնման սկզբունքները սոցիալական ցանցերում վերածվում խնամքի համընդհանուր բարդ սխեմաների, որոնք առաջարկվում են բոլորին՝ առանց անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll