• Latest news▼

Որովայնի ճարպից ազատվելը դանդաղեցրել է ուղեղի ծերացումն ու պաշտպանել հիշողությունը․ NatCom

6 հոկտեմբերի, 2026  08:39

Որովայնի խորանիստ՝ վիսցերալ ճարպից ազատվելը (որը կուտակվում է ներքին օրգանների շուրջ) տարիներ անց նպաստում է ուղեղի ծերացման դանդաղեցմանը, հիշողության պահպանմանն ու դրա ծավալի պահպանմանը։ Ընդ որում, առանցքայինը ոչ թե ընդհանուր քաշ կորցնելն է, այլ հենց այս «ներքին» ճարպից ազատվելը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Իսրայելի Բեն Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները 5-16 տարի շարունակ հետևել են քաշի նվազեցման ծրագրի մասնակիցներին։ Նրանք համադրել են ճարպային հյուսվածքի փոփոխությունները ՄՌՏ-ի և ճանաչողական թեստերի արդյունքների հետ։ Ուսումնասիրությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը 60-ին մոտ տղամարդիկ էին։

Պարզվել է, որ որքան շատ է եղել վիսցերալ ճարպը, այնքան մասնակիցներն ավելի վատ են հանձնել թեստերը՝ անկախ մարմնի զանգվածի ցուցանիշից։ Իսկ ահա դրա նկատելի նվազումը երկարաժամկետ կտրվածքով ապահովել է ուղեղի, այդ թվում՝ գորշ նյութի և հիշողության համար պատասխանատու հիպոկամպի ավելի մեծ ծավալ։

Հետաքրքիր է, որ այս ամենում վճռորոշ դերը ոչ թե խոլեստերինինն է կամ բորբոքային գործընթացներինը, այլ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը. ուղեղի վիճակի հետ ուղղակիորեն կապված են եղել հենց քաղցած վիճակում գլյուկոզայի ցուցանիշները։ Սա հաստատում է այն թեզը, որ ներքին ճարպն ուղեղին վնասում է առաջին հերթին գլյուկոզայի փոխանակության խանգարման միջոցով։ Եզրահանգումը գործնական է. տարիքի հետ ուղեղի առողջությունը պահպանելու համար պետք է պայքարել ոչ թե պարզապես կշեռքի թվերը նվազեցնելու, այլ ճիշտ սննդակարգով ու շարժուն կենսակերպով որովայնի ճարպից ազատվելու համար։

Ներքին օրգանների շուրջ կուտակվող ճարպը վաղուց է համարվում շատ ավելի վտանգավոր, քան ենթամաշկայինը. այն քրոնիկ բորբոքումներ է առաջացնում և սերտորեն կապված է դիաբետի ու սրտի հիվանդությունների հետ։ Այժմ դրա «զոհերի» ցանկին վստահորեն ավելանում է նաև ուղեղը։ Լավ նորությունն այն է, որ ճիշտ սնվելու և կանոնավոր մարզվելու դեպքում օրգանիզմն առաջին հերթին ազատվում է հենց այս ճարպից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll