Ինտենսիվ շնչառական վարժությունները կարող են գրեթե կիսով չափ կրճատել գլխուղեղի արյան շրջանառությունը և փոխել դրա նեյրոնային ցանցերի փոխազդեցությունը։ Այսպիսի եզրակացության են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով նման տեխնիկաներով զբաղվող մարդկանց ուղեղի աշխատանքը, գրում է Medical Xpress-ը։
Փորձարկվողները նկարագրել են գիտակցության անսովոր վիճակներ, որոնք հիշեցնում են հոգեներգործուն (պսիխոդելիկ) նյութերի ազդեցության որոշ դրսևորումներ՝ ընկալման փոփոխություններ, վառ մտապատկերներ, աշխարհի հետ միասնության զգացում և սեփական «ես»-ի ընկալման խորքային տեղաշարժեր։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Մյունխենում կայացած Եվրոպական նեյրոհոգեդեղագիտական քոլեջի (ECNP) կոնգրեսում։
Փորձին մասնակցել է 30 առողջ մարդ, որոնք արդեն իսկ ինտենսիվ շնչառական վարժությունների փորձ են ունեցել։ Վարժությունների կատարման ընթացքում գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով սկանավորել են նրանց ուղեղը։
Մասնակիցների գլխուղեղի գորշ նյութում արյան շրջանառությունը միջինում նվազել է մոտ 45%-ով՝ րոպեում 100 գրամ հյուսվածքի հաշվով 16,24 միլիլիտրից հասնելով 9,81 միլիլիտրի։ Ընդ որում՝ այն անձինք, որոնք հայտնել էին գիտակցության առավել ցայտուն փոփոխությունների մասին, ցուցաբերել են նաև ուղեղի այսպես կոչված «պասիվ ռեժիմի ցանցի» աշխատանքի առավել նկատելի փոփոխություններ։ Այս համակարգը մասնակցում է ինքնավերլուծությանն ու սեփական անձի շուրջ խորհրդածություններին։
Հետազոտողների խոսքով՝ այս անսովոր զգացողությունները կարող են պայմանավորված լինել ոչ թե բուն ուղեղի արյան մատակարարման նվազեցմամբ, այլ դրա նեյրոնային ցանցերի փոխազդեցության բնույթի փոփոխություններով։
«Ինտենսիվ շնչառական վարժություններով զբաղվող շատ մարդիկ հայտնում են ընկալման և սեփական «ես»-ի զգացողության խորքային փոփոխությունների մասին, սակայն դրանց հիմքում ընկած ուղեղային մեխանիզմները դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն», – նշել է հետազոտության ղեկավար Քրիստիան Շմիցը՝ Գերմանիայի Մանհայմ քաղաքի Հոգեկան առողջության կենտրոնական ինստիտուտից։
Մասնակիցները նկարագրել են այնպիսի հոգեվիճակներ, որոնք հետազոտողները համեմատել են ԼՍԴ-ի կամ պսիլոցիբինի չափավոր կամ բարձր չափաբաժինների ընդունման հնարավոր հետևանքների հետ: Մասնավորապես, նրանցից ոմանք զգացել են այսպես կոչված «օվկիանոսային զգացում»՝ տիեզերքի հետ միասնության խորը ընկալում։ Այնուամենայնիվ, տեսողական բնույթի դրսևորումներն ավելի թույլ են եղել, քան հոգեներգործուն նյութերի կիրառման դեպքում։
Հեղինակների կարծիքով՝ ինտենսիվ շնչառական վարժությունները կարող են դառնալ գիտակցության փոփոխված վիճակների ուսումնասիրման մատչելի ու ոչ դեղորայքային միջոց։ Հեռանկարում նման հետազոտությունները կարող են նպաստել հոգեկան առողջության պահպանման ու աջակցման նոր մոտեցումների մշակմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day