Կեֆիրը, յոգուրտը և կաթնաշոռը կարող են օգնել պահպանել մկանների առողջությունը՝ ապահովելով օրգանիզմը սպիտակուցով, որն անհրաժեշտ է դրանց աճի և վերականգնման համար: Նման եզրահանգման են հանգել այն գիտնականները, որոնք գիտական ակնարկ են հրապարակել Communications Biology (CB) բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողները աղիների և մկանների միջև կապի վերաբերյալ գիտական աշխատություններ են վերլուծել։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել սպիտակուցով հարուստ ֆերմենտացված մթերքներին՝ կեֆիրին, յոգուրտին, կաթնաշոռին և տեմպեին՝ սոյայի հատիկներից պատրաստված մթերքին, որը լայնորոն տարածված է Հարավ-Արևելյան Ասիայում:
Պարզվել է, որ ֆերմենտացիան կարող է հեշտացնել մկանների աճի և վերականգնման համար անհրաժեշտ սպիտակուցի յուրացումը: Այդ գործընթացի ժամանակ միկրոօրգանիզմները մասամբ ճեղքում են սպիտակուցները, ինչի շնորհիվ օրգանիզմի համար ավելի հեշտ է դառնում ստանալ անհրաժեշտ ամինաթթուները։
Բացի դրանից, ֆերմենտացված մթերքներում պարունակող օգտակար բակտերիաներն ու նյութերը կարող են նվազեցնել բորբոքումը։ Դա կարևոր է, քանի որ խրոնիկական բորբոքումն ունակ է վատթարացնել մկանների վիճակը և խանգարել դրանց բնականոն վերականգնմանը։
Գիտնականները հայտնաբերել են նաև, որ աղիքային բակտերիաները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը և սննդարար տարրերի յուրացմանը։ Դրա շնորհիվ առողջ միկրոֆլորայի պահպանումը կարող է անուղղակիորեն նպաստել մկանների բնականոն աշխատանքին:
Ընդ որում, հետազոտողներն ընդգծում են, որ դեռևս ապացուցված չէ, որ ֆերմենտացված մթերքները սպիտակուցի սովորական աղբյուրներից ավելի արդյունավետ են ավելացնում մկանային զանգվածը կամ ուժը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day