• Latest news▼

Աուտոիմունային հիվանդություններով կանանց ավելի քան 40%-ը բախվել է սխալ հոգեբուժական ախտորոշման հետ. EclinicalMedicine

13 հոկտեմբերի, 2026  23:37

Աուտոիմունային հիվանդություններ ունեցող կանայք տղամարդկանցից զգալիորեն ավելի հաճախ են բախվում այն բանի հետ, որ իրենց ախտանիշները սխալմամբ բացատրվում են հոգեկան կամ հոգեսոմատիկ պատճառներով։ Բացի դրանից, նրանք հաճախ ստիպված են լինում ավելի երկար սպասել ճիշտ ախտորոշմանը և ավելի շատ բժշկական խորհրդատվություններ անցնել։ Դա ցույց է տվել 6607 բուժառուի մասնակցությամբ միջազգային հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet խմբի մեջ մտնող eClinicalMedicine բժշկագիտական հանդեսում։

Հետազոտությունն անցկացրել են Քեմբրիջի համալսարանի և Արևելյան Անգլիայի համալսարանի մասնագետները՝ բուժառուների, բժշկական կազմակերպությունների և բժիշկների հետ համատեղ։ Ի տարբերություն միայն բժշկական քարտերի վրա հիմնված աշխատանքների, գիտնականներն ուսումնասիրել են բուժառուների անձնական պատմություններն այն մասին, թե ինչպես է ընթացել իրենց հիվանդությունների ախտորոշումը։

Կանանց 43%-ը հայտնել է, որ նախկինում իրենց ախտանիշները սխալմամբ բացատրվել են հոգեբուժական պատճառներով։ Տղամարդկանց շրջանում նման փորձ ունեցել է 33%-ը։ Հոգեսոմատիկ սխալ ախտորոշման մասին, երբ ֆիզիկական ախտանիշները կապվում են հոգեբանական գործոնների հետ կամ համարվում է, որ դրանք ուժեղացնում են ախտանիշները, հայտնել է կանանց 34%-ը և տղամարդկանց 22%-ը։

Տարիքը, հիվանդությունների խումբը, բնակության մայրցամաքը և նյութական վիճակը հաշվի առնելուց հետո հետազոտողները պարզել են, որ կանայք գրեթե 50%-ով ավելի հաճախ են հայտնել սխալ հոգեբուժական ախտորոշման մասին, քան տղամարդիկ: Վերջիններիս մոտ սխալ հոգեսոմատիկ ախտորոշման մասին հայտնելու հավանականությունը գրեթե 75%-ով ավելի բարձր է եղել:

Ընդ որում, տղամարդիկ փոքր-ինչ ավելի հաճախ են պատմել այն մասին, որ իրենց աուտոիմունային հիվանդությունը սկզբնապես շփոթել են այլ ֆիզիկական հիվանդության հետ. նման դեպքեր նշել է տղամարդկանց 48%-ը և կանանց 44%-ը։

Աուտոիմունային հիվանդություններն առաջանում են, երբ իմունային համակարգը սխալմամբ գրոհում է օրգանիզմի սեփական հյուսվածքները: Դրանցից են ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը և ցրված սկլերոզը։ Այդ հիվանդություններից շատերն ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

Ախտորոշումը կարող է բարդ լինել, քանի որ հիվանդության վաղ փուլերում հաճախ դրսևորվում են ոչ բնորոշ ախտանիշներ՝ հոգնածություն, ցավ, քնի խանգարումներ և տրամադրության անկում։ Դրանք տարածված են նաև լուրջ հիվանդություններ չունեցող մարդկանց շրջանում։ Բացի դրանից, աուտոիմունային խանգարումների դրսևորումները կարող են ազդել միանգամից մի քանի օրգանների վրա և ժամանակի ընթացքում փոխվել։

Հետազոտությունը բացահայտել է նաև տարբերություն ախտորոշման ժամկետներում։ Տղամարդիկ ամենից հաճախ հայտնել են, որ ախտորոշումը ստացել են ախտանիշների ի հայտ գալուց հետո երեք ամսից էլ պակաս ժամանակում։ Կանանց մոտ սպասման ամենատարածված ժամկետը եղել է մեկից երկու տարին: Կանայք նաև ավելի հաճախ են դիմել բժշկական օգնության:

Ընդ որում, հետազոտողներն ընդգծում են, որ հոգեկան խանգարումները և աուտոիմունային հիվանդությունները կարող են հանդիպել միաժամանակ։ Որոշ աուտոիմունային հիվանդություններ, օրինակ՝ գայլախտը, ունակ են անմիջականորեն ազդել ուղեղի վրա, իսկ ծանր խրոնիկական հիվանդությամբ ապրելն ինքնին կարող է ազդել հոգեկան վիճակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll