• Latest news▼

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն կարող է փոխել իր «գենետիկական մարտավարությունը»․ հետազոտությունը բացահայտել է առանցքային մեխանիզմները

14 հոկտեմբերի, 2026  08:36

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները կարող են փոխել իրենց գենետիկական ծրագրերը՝ ուռուցքի զարգացմանը զուգընթաց դառնալով ավելի ագրեսիվ, տարածվելով օրգանիզմում և ձեռք բերելով բուժման նկատմամբ կայունություն։ Համաշխարհային մակարդակով մոտ 450 հազար առանձին բջիջների վերլուծությունն օգնել է հետազոտողներին հետևել այս էվոլյուցիայի ընթացքին և բացահայտել այն գենը, որը կարող է ապագա թերապիայի մեթոդների թիրախ դառնալ։

ԱՄՆ-ի NYU Langone Health բժշկական կենտրոնի և Փերլմուտերի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասնագետները ուսումնասիրել են ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարցինոման՝ քաղցկեղի ամենադժվար բուժվող ձևերից մեկը։ Հեղինակների տվյալներով՝ այս հիվանդությամբ տառապող պացիենտների գրեթե 85%-ը մահանում է ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում։ Արդյունքները հրապարակվել են Nature Genetics ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 56 պացիենտի 62 ուռուցքից ստացված 443 451 առանձին բջիջների գեների ակտիվությունը։ Վեց հոգու մոտ նմուշները վերցվել են մինչև և քիմիաթերապիայից հետո, ինչը թույլ է տվել համեմատել ուռուցքային բջիջների առանձնահատկությունները բուժման տարբեր փուլերում։

Ավելի վաղ հետազոտողները սովորաբար այս ուռուցքի բջիջները բաժանում էին երկու հիմնական ենթատեսակի՝ դասական, որը սովորաբար ավելի քիչ ագրեսիվ է, և բազալային, որը կապված է հիվանդության առավել անբարենպաստ ընթացքի հետ։ Այդուհանդերձ, անհայտ էր մնում, թե ինչպես են բջիջներն անցնում մի վիճակից մյուսը։

Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ մեկ ուռուցքը կարող է պարունակել մի քանի գենեետիկորեն տարբերվող բջջային խմբեր՝ կլոններ։ Հետազոտված ուռուցքներում միջինում հայտնաբերվել է դասական և բազալային տիպերի բջջային կլոնների երկուսից մինչև 11 համակցություն։ Այս խմբերը տարբերվել են իրենց վարքագծով. ոմանք ձեռք են բերել թերապիայի նկատմամբ կայունության հետ կապված հատկություններ, մյուսները՝ ավելի արագ տարածման։

Կարևորագույն գործոններից մեկը եղել է MYC գենը, որի ակտիվությունը բարձրացել է ուռուցքային բջիջների ագրեսիվ խմբերում։ Լրացուցիչ փորձարկումների ընթացքում բազալային բջիջներում MYC-ի արգելափակումը հանգեցրել է դրանց անցմանը դեպի ավելի քիչ ագրեսիվ՝ դասական վիճակ։ Միաժամանակ այդ բջիջները առավել հասանելի են դարձել իմունային բջիջների համար, որոնք պոտենցիալ կերպով կարող են գրոհել ուռուցքը։

Հետազոտողները որոշ կլոններում հայտնաբերել են նաև TIGIT գենի բարձրացած ակտիվություն։ Այն կապված է այնպիսի մեխանիզմների հետ, որոնք օգնում են ուռուցքային բջիջներին խուսափել իմունային համակարգի կողմից հայտնաբերումից։ Ընդ որում, բջիջների նույն խմբերում PD1 գենի ակտիվությունը նվազել էր։ Սա կարող է մասամբ բացատրել, թե ինչու PD-1 ուղու վրա ազդող իմունոթերապիայի որոշ տեսակներ հաճախ արդյունավետ չեն լինում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում։

Հեղինակների խոսքով՝ արդյունքները վկայում են այն մասին, որ ուռուցքը չի կարելի դիտարկել որպես բջիջների միասեռ զանգված. դրա տարբեր խմբերը կարող են կիրառել գոյատևման և բուժմանը դիմադրելու սեփական մեխանիզմները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll