Ուժային մարզումներն օգնում են 60-ից բարձր տարիքի մարդկանց պահպանել մկանային ուժը, ամրապնդել ոսկորները և պահպանել ուղեղի առողջությունը: Թեև տարիքի հետ մկանային զանգված ավելացնելն ավելի է դժվարանում, ծանրություններով կանոնավոր պարապմունքները նպաստում են շարժունակության և ինքնուրույնության պահպանմանը, նշում են մասնագետները, գրում է Health Day-ը:
«Մկանների և մկանային զանգվածի պաշտպանիչ ազդեցությունը լավ է ուսումնասիրված՝ հենաշարժիչ համակարգի առողջությունից մինչև ուղեղի աշխատանք», — նշել է Հյուստոնի Բեյլորի բժշկական քոլեջի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Ադիլ Ահմեդը:
Ըստ նրա, մկանային զանգվածի ավելացումը կարող է դանդաղեցնել դեմենցիայի (թուլամտության) զարգացումը և օգնել պահպանել ճանաչողական գործառույթները:
Ուժային վարժությունները նաև պահպանում են ոսկրային խտությունը: Սա հատկապես կարևոր է տարիքի հետ, երբ ոսկրային հյուսվածքի քայքայումը սկսում է գերազանցել դրա վերականգնմանը:
50 տարեկանից հետո ոսկրային զանգվածի կորուստն արագանում է, իսկ դաշտանադադարից (մենոպաուզա) հետո առաջին յոթ տարիներին կանայք կարող են կորցնել ոսկրային խտության մինչև 20%-ը, հայտնում է UCLA Health-ը:
Մկանային զանգվածը նույնպես աստիճանաբար նվազում է. մոտավորապես 30 տարեկանից սկսած՝ մարդը մեկ տասնամյակում կարող է կորցնել մկանների մինչև 8%-ը, ընդ որում՝ 60 տարեկանից հետո այս գործընթացն ավելի է արագանում:
Թեև հետազոտությունները դեռևս միանշանակ պատասխան չեն տալիս այն հարցին, թե որքանով տարեց մարդիկ կարող են զգալիորեն մեծացնել մկանների ծավալը ուժային մարզումների միջոցով, դրանք ցույց են տալիս, որ շաբաթական երկու-երեք անգամ դիմադրությամբ պարապմունքները բարելավում են ուժը, բռնվածքի ամրությունը և քայլքի արագությունը:
International Journal of Epidemiology ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները 15 տարի շարունակ հետևել են ավելի քան 200 հազար տարեց մարդկանց: Պարզվել է, որ ուժային մարզումներով զբաղվելը կապված է սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից և այլ պատճառներից մահվան ավելի ցածր ռիսկի հետ՝ համեմատած նման պարապմունքներ չունեցողների: Այդ կապն ավելի ակնհայտ է եղել կանանց և այն մարդկանց մոտ, ովքեր կատարել են նաև աերոբիկ վարժություններ:
Տարեց հասակում մարզումները սկսելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ և դիմել մարզչի, ով կօգնի յուրացնել ճիշտ տեխնիկան: Ադիլ Ահմեդը խորհուրդ է տալիս նախ մարզվել վերահսկվող դիմադրությամբ մարզասարքերի վրա, ապա աստիճանաբար անցնել ազատ ծանրություններին:
Կարելի է սկսել սեփական մարմնի քաշով վարժություններից՝ կքանիստեր, քայլ-կքանիստ, պատից հրումներ և աթոռից վեր կենալ: Երբ հաջողվում է ճիշտ տեխնիկայով կատարել ութ կրկնություն, կարելի է ավելացնել թեթև ծանրաքարեր կամ էլաստիկ ժապավեններ: Ծանրաբեռնվածությունը պետք է ավելացնել աստիճանաբար, իսկ մարզումների միջև մեկ կամ երկու օր թողնել վերականգնման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում