Ամբողջահատիկ հացը, պահածոյացված լոբին, չոր նախաճաշերն ու յոգուրտը կարող են նվազեցնել աղիների քաղցկեղի զարգացման վտանգը, թեև դասվում են գերվերամշակված մթերքների շարքին։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները՝ ուսումնասիրելով ավելի քան 461 հազար մարդու տվյալներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «PLOS Medicine» գիտական պարբերականում։
Մասնագետները մասնակիցների առողջական վիճակին հետևել են 18 տարի շարունակ, որի ընթացքում աղիների քաղցկեղի 10075 դեպք է ախտորոշվել։ Ընդհանուր առմամբ, գերվերամշակված մթերքներ ավելի շատ օգտագործողների շրջանում հիվանդության ռիսկի էական աճ չի արձանագրվել, սակայն պատկերը խիստ տարբերվել է՝ կախված սննդի կոնկրետ տեսակից։
Ամբողջահատիկ հացի ամենօրյա հավելյալ մեկ բաժինը նվազեցրել է աղիների քաղցկեղի հավանականությունը 13%-ով։ Է՛լ ավելի տպավորիչ կապ է նկատվել բուսական մանրաթելերի պարագայում. վերամշակված մթերքներից, օրինակ՝ պահածոյացված լոբուց օրական ստացված յուրաքանչյուր հավելյալ 10 գրամ մանրաթելը ռիսկը նվազեցրել է 28%-ով։ Որոշ կաթնամթերքների, այդ թվում՝ քաղցր յոգուրտների ու կաթնային կոկտեյլների լրացուցիչ չափաբաժնի օգտագործումը համընկել է հիվանդության հավանականության 25% նվազման հետ։
«Միևնույն ժամանակ մսամթերքի դեպքում պատկերը տրամագծորեն հակառակն է եղել։ Վերամշակված մսի, օրինակ՝ բեկոնի յուրաքանչյուր լրացուցիչ օրական բաժինը փոխկապակցված է եղել հիվանդության վտանգի 8% աճի հետ։ Իսկ գերվերամշակվածների շարքին չդասվող մսի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 4%»,— պարզաբանել են հետազոտողները։
Հեղինակների կարծիքով՝ գործարանային որոշ մթերքներ կարող են օգտակար լինել դրանցում առկա բուսական մանրաթելերի և այլ սննդարար նյութերի շնորհիվ։ Մանրաթելերն օգնում են պահպանել աղիների բնականոն աշխատանքը և նվազեցնում են կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը։
Գիտնականները միաժամանակ ընդգծում են, որ ստացված տվյալներն ուղղակի պատճառահետևանքային կապ չեն ապացուցում։ Հետազոտությանը մասնակցել են 50-71 տարեկան ամերիկացիներ, հետևաբար՝ արդյունքները չի կարելի ինքնաբերաբար տարածել երիտասարդների կամ ողջ բնակչության վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day