Օրեգոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ կրծքի կաթի՝ բակտերիաների դեմ պայքարելու ունակությունն ի հայտ է եկել շուրջ 160 միլիոն տարի առաջ։ Հենց այդ ժամանակ է լակտոֆերինի նախորդող սպիտակուցը ձեռք բերել մանրէներ քայքայող կարճ հատվածը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «PLOS Biology» ամսագրում։
Լակտոֆերինը պարունակվում է կրծքի կաթում, արցունքներում ու թքում, ինչպես նաև մասնակցում է իմունային համակարգի գործունեությանը։ Այս սպիտակուցի ներսում կա մի կարճ հատված՝ լակտոֆերիցինը, որը կարող է վնասել բակտերիաների թաղանթն ու հանգեցնել դրանց ոչնչացմանը։ Հետազոտողները որոշել են պարզել, թե ինչպես է առաջացել այս պաշտպանական գործառույթը և ինչ փոփոխություններ է կրել էվոլյուցիայի ընթացքում։
Ողնաշարավորների տարբեր տեսակների գենետիկական տվյալների հիման վրա գիտնականները վերականգնել են սպիտակուցի հնագույն հավանական տարբերակները, սինթեզել դրանց հատվածներն ու ստուգել չորս տեսակի բակտերիաների վրա
Պարզվել է, որ սկզբնական նախորդող սպիտակուցը բակտերիաների վրա գրեթե որևէ ազդեցություն չի ունեցել։ Մոտ 160 միլիոն տարի առաջ տեղի ունեցած գենի կրկնապատկումից հետո է միայն առաջացել լակտոֆերինը, որի հատվածն արդեն կարող էր քայքայել բակտերիալ թաղանթները։
«Ժամանակակից որոշ տարբերակներ ավելի ուժեղ էին ազդում, քան հնագույնները, բայց էվոլյուցիան միշտ չէ, որ հզորացրել է պաշտպանական հատկությունները։ Օրինակ՝ մարդու լակտոֆերիցինը մի շարք բակտերիաների դեմ ավելի քիչ արդյունավետ է եղել, քան այլ մարդանման կապիկների մոտ հանդիպող որոշ տարբերակներ»,— բացատրել են գիտնականները։
Հետազոտողները նաև փոփոխություններ են բացահայտել
Հեղինակների կարծիքով՝ հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության աճի պայմաններում լակտոֆերիցինի հնագույն տարբերակները կարող են ելակետ դառնալ նոր հակաբակտերիալ միջոցների ստեղծման համար։ Այդուհանդերձ, արդյունքներն առայժմ ստացվել են միայն լաբորատոր փորձերի ընթացքում. մարդու օրգանիզմում նման նյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը դեռ պետք է ստուգվեն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day