Ճապոնացի հետազոտողները ցույց են տվել, որ մեկ ատամով կարելի է ստանալ վեց տեսակի քրեագիտական տեղեկատվություն՝ գնահատել մարդու տարիքը և ծննդյան տարեթիվը, ուսումնասիրել սնվելու առանձնահատկությունները և հնարավոր աշխարհագրական ծագումը, պարզել օգտագործած դեղերը և այլ նյութեր, կենսաբանական սեռը և ստանալ ԴՆԹ-պրոֆիլ։ Այս մոտեցումը կարող է օգնել ճանաչել այն մարդկանց, որոնց մնացորդները խիստ քայքայվել են կամ պահպանվել են միայն որպես կմախք։
Հետազոտություն իրականացրել են Տոկիոյի Գիտության ինստիտուտի և Յամագատայի համալսարանի մասնագետները։ Նրանք ուսումնասիրել են 15 մահացած մարդկանց ստորին ծնոտի առաջին աղորիքները։ Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
«Ատամի տարբեր հյուսվածքները պահպանում են տարբեր քրեագիտական տեղեկատվություն։ Միավորելով մի քանի վերլուծական մեթոդներ՝ մենք ձգտել ենք ստանալ որքան հնարավոր է շատ տեղեկություններ մեկ ատամից»,- նշել է հետազոտության ղեկավար Հիսակո Սայտոն։
Ատամի էմալի ռադիոածխածնային վերլուծությունը թույլ է տվել որոշել ծննդյան տարեթիվը. 15 դեպքերից 14-ում գնահատականը ներառել է փաստացի տարեթիվը։ Ածխածնի իզոտոպերի ուսումնասիրությունը տեղեկություններ է տվել սննդի և հնարավոր աշխարհագրական ծագման մասին։ Տարիքը մահվան պահին գնահատել են ըստ դենտինի՝ էմալի տակ գտնվող հյուսվածքի։ Այս մեթոդի միջին բացարձակ վրիպանքը կազմել է մոտ ութ տարի։
Դեղերի և այլ նյութերի օգտագործման հետքեր հայտնաբերվել են բոլոր 15 նմուշներում, չնայած արդյունքները միշտ չէ, որ համընկել են ավանդական թունաբանական հետազոտությունների տվյալների հետ։ ԴՆԹ վերլուծությունը թույլ է տվել պարզել կենսաբանական սեռը բոլոր դեպքերում, իսկ 12 նմուշներում հաջողվել է ստանալ գենետիկական պրոֆիլը, որը բավական է եղել անհատական նույնականացման համար։
Հետազոտողները կարծում են, որ ատամի համալիր ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել հանցագործությունների հետաքննման և աղետների զոհերի նույնականացման ժամանակ, երբ այլ կենսաբանական նյութերը բավարար չեն։ Հետագայում նրանք նախատեսում են բարձրացնել մեթոդների ճշգրտությունը և մշակել ստանդարտացված միջամտություններ դատաբժշկական գործունեության համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day