Քաղցկեղի դեմ նոր՝ «ինտիսմերան» (intismeran) անհատականացված փորձարարական պատվաստանյութի և պեմբրոլիզումաբով իմունաթերապիայի զուգակցումը 42%-ով նվազեցրել է մելանոմայի կրկնության կամ մահվան վտանգը՝ զուտ պեմբրոլիզումաբի համեմատ։ Այս տվյալներն արձանագրվել են «INTerpath-001» միջազգային կլինիկական փորձարկումների III փուլում, որոնց արդյունքները ներկայացվել են Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ընկերության (ESMO) 2026 թվականի կոնգրեսում, հայտնում է Medical Xpress-ը։
Հետազոտությունն ընդգրկել է բարձր ռիսկի խմբի (II B-ից մինչև IV փուլ) մելանոմա ունեցող 1137 պացիենտի։ Բոլորի ուռուցքն արդեն հեռացված էր վիրահատությամբ, սակայն հիվանդության վերադարձի հավանականությունը շարունակում էր բարձր մնալ։ Մինչ այս փորձարկումները նրանք քաղցկեղի դեմ որևէ դեղորայքային բուժում չէին ստացել։
Գիտնականները համադրել են բուժման երկու մոտեցում՝ միայն պեմբրոլիզումաբի ընդունումը և «ինտիսմերանի» հետ դրա համակցումը։ Վերջինս ստեղծվում է յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես՝ հենց իր ուռուցքի առանձնահատկությունների հաշվառմամբ։ Համակցված բուժում անցած խմբում հիվանդության կրկնության կամ մահվան ռիսկը 42%-ով ցածր է եղել։ Իսկ այն պացիենտների շրջանում, որոնց մոտ քաղցկեղը չի վերադարձել թերապիայի առաջին վեց ամիսներին, ռիսկի նվազումը կազմել է 58%։
Ավստրալիայի մելանոմայի ինստիտուտի բժշկական տնօրեն, հետազոտության ղեկավար պրոֆեսոր Ջորջինա Լոնգի գնահատմամբ՝ սա կարող է շրջադարձային քայլ դառնալ քաղցկեղի թիրախային բուժման գործում։ Նա նշել է, որ սա III փուլի առաջին հետազոտությունն է, որտեղ հիվանդության կրկնության ու մահացության ռիսկի շոշափելի անկում է գրանցվել հենց ուռուցքի անհատական պրոֆիլի հիման վրա ստեղծված դեղամիջոցի շնորհիվ։
Պատվաստանյութը մշակվում է մատրիցային ՌՆԹ-ի (մՌՆԹ) տեխնոլոգիայով։ Սկզբում մասնագետներն ուսումնասիրում են ուռուցքի հյուսվածքն ու առանձնացնում դրա յուրահատուկ նեոանտիգենները՝ այն սպիտակուցները, որոնցով իմունային համակարգը կարողանում է ճանաչել քաղցկեղի բջիջները։ Ստացված տվյալներով ստեղծված դեղը օրգանիզմին ուղղորդում է գտնել ու ոչնչացնել վիրահատությունից հետո մնացած չարորակ բջիջները։ Պեմբրոլիզումաբն էլ իր հերթին լրացնում է այս գործընթացը՝ չեզոքացնելով իմունային համակարգը ճնշելու ուռուցքի ունակությունը։
Պացիենտները համակցված թերապիան ընդհանուր առմամբ հեշտ են տարել։ Պատվաստանյութի ավելացումը չի խորացրել պեմբրոլիզումաբի կողմնակի ազդեցությունները։ Իսկ պատվաստանյութի հիմնական հետևանքները եղել են ներարկման հատվածում անցողիկ ցավը, գլխացավն ու դողը։
«Ինտիսմերան» դեղամիջոցը (հայտնի նաև V940 կամ mRNA-4157 ծածկագրերով) Moderna և MSD (Merck & Co.) ընկերությունների համատեղ մշակումն է։ Չնայած խոստումնալից արդյունքներին՝ բուժումը դեռևս մնում է փորձարարական. տվյալները պետք է անցնեն կարգավորող մարմինների փորձաքննությունը, ինչը տարբեր երկրներում կարող է մի քանի տարի տևել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day