Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և «Lifemission» ստարտափի հետազոտողներն ուսումնասիրել են HAEE պեպտիդը, որն ընդունակ է կանխել Ալցհեյմերի հիվանդության հետ կապված ամիլոիդային վահանիկների գոյացումը։ Անսպասելիորեն պարզվել է, որ այդ նյութը բնական վիճակում արդեն իսկ առկա է մարդու արյան մեջ, իսկ հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ դրա մակարդակը նորմայից մոտ երկու անգամ ցածր է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «PNAS Nexus» հանդեսում։
HAEE (Ac-His-Ala-Glu-Glu-NH2) պեպտիդը մշակվել էր ուղեղում բետա-ամիլոիդի կուտակման դեմ պայքարելու նպատակով։ Այն կապում է ցինկի իոնները, որոնք նպաստում են ամիլոիդային մոլեկուլների միավորմանը կուտակումների մեջ։ Մկների վրա կատարված փորձերում սինթետիկ HAEE-ն նաև ուղղակիորեն նվազեցրել է ամիլոիդային վահանիկների՝ նեյրոնների աշխատանքը խաթարելու ունակ սպիտակուցային կուտակումների քանակը։
Հավանական կլինիկական փորձարկումներից առաջ արյան մեջ պեպտիդի կոնցենտրացիայի չափման մեթոդ մշակելիս գիտնականներն այն հայտնաբերել են 150 առողջ կամավորներից վերցված բոլոր նմուշներում։ Ընդ որում, Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ HAEE-ի մակարդակն առողջ մասնակիցների համեմատ միջինում երկու անգամ ավելի ցածր է եղել։
Հետազոտողները ենթադրում են, որ պեպտիդի կոնցենտրացիայի նվազումը կարող է պայմանավորված լինել դրա արտադրության խաթարմամբ կամ հիվանդությանն ուղեկցող գործընթացներին ի պատասխան չափից ավելի ծախսմամբ։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ դեր է խաղում HAEE-ն հիվանդության զարգացման մեջ։
Հետագայում պեպտիդը կարող է հիմք դառնալ նոր դեղամիջոցի մշակման համար կամ կիրառվել որպես Ալցհեյմերի հիվանդության բիոմարկեր։ Այդուհանդերձ, դրա ախտորոշիչ արժեքը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Մասնավորապես, տվյալ աշխատանքում պացիենտների ախտորոշումը կատարվել է կլինիկական ախտանիշների հիման վրա՝ առանց նեյրովիզուալիզացիայի կամ բիոմարկերային թեստերի օգնությամբ հաստատման։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day