• Latest news▼

Ծովային վարունգի օրինակով ստեղծված գելը կօգնի հյուսվածքների ապաքինմանը

26 հոկտեմբերի, 2026  19:54

Ոգեշնչվելով ծովային վարունգների՝ իրենց մարմնի կոշտությունը փոխելու զարմանահրաշ հատկությամբ՝ Վատերլոոյի համալսարանի հետազոտողները մշակել են գել, որը կօգնի վերականգնել վնասված ջլերն ու այլ փափուկ հյուսվածքներ՝ առանց հետքեր թողնելու:

Ջրով հարուստ նյութը, որը հայտնի է որպես հիդրոգել, գործում է ժամանակավոր աջակցող կառույցի պես, որը նոր հյուսվածքներին հնարավորություն է տալիս աճել նյութի աստիճանական քայքայմանը զուգընթաց, գրում է «Научная Россия»-ն: Ինչպես ծովային վարունգները, որոնք դրա ստեղծման աղբյուր են ծառայել, գելը կարելի է ավելի փափուկ կամ կոշտ դարձնել, ինչը հնարավորություն կտա այն օգտագործել ամբողջ մարմնում տարբեր հյուսվածքների ապաքինման համար:

«Ոչ բոլոր փափուկ հյուսվածքներն են միանման հիմնակմախքի կարիք զգում,- ասում է Վատերլոոյի համալսարանի հետազոտության ղեկավար, դոկտոր Իմին Վուն:- Փափուկ ուղեղի կողքին տեղադրված նյութը պետք է այլ կերպ դրսևորի իրեն, քան այն, որն օգտագործվում է ամուր ջլի վերականգման համար»:

4 տարվա հետազոտություններից հետո միջազգային թիմը փորձարկել է գելն առնետների վրա կատարված նախակլինիկական հետազոտության ընթացքում և խոստումնալից արդյունքներ ստացել: Վնասված ջլերով առնետների մոտ, որոնց ներարկել էին գելը, ապաքինումն ավելի լավ էր ընթանում, քան նրանց մոտ, որոնց միայն կարեր էին դրել:

Արդյունքները ցույց են տվել, որ գելը նպաստում է նոր, ավելի կարգավորված հյուսվածքի աճին: Ջլերի ապաքինմանը զուգընթաց՝ գելը 8 շաբաթվա ընթացքում աստիճանաբար քայքայվել և յուրացվել է օրգանիզմի կողմից:

Հետազոտողները նշել են նաև վերականգնված ջլերի վիճակի բարելավում՝ միայն թելերի միջոցով կարվածների համեմատությամբ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ նյութը կարող է նպաստել ավելի արդյունավետ ապաքինմանը:

«Մենք չափազանց ոգևորված էինք արդյունքներով,- ասել է աշխատանքի համահեղինակ, դոկտոր Յուչաո Թենը:- Նյութը սոսկ լավ արդյունքներ չցույց տվեց: Ջիլը վերականգնվեց՝ ավելի կարգավորված նոր հյուսվածք առաջացնելով և գործառնականություն պահպանելով, որը համեմատելի է առողջ ջլի գործառնականության հետ»:

Գելը ստեղծելու համար հետազոտողները նախ սառեցնում են նյութը՝ դրա ներքին կառույցը ձևավորելու համար: Այնուհետև նրանք այն ընկղմում են հատուկ պատրաստված աղային լուծույթների մեջ, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել կոշտությունը՝ դարձնելով այն ավելի փափուկ կամ խիտ՝ կախված նրանից, թե ինչ հյուսվածք պետք է այն աջակցի:

Գելն անհատականացնելու հնարավորությունը կարող է այն օգտակար դարձնել տարբեր հյուսվածքների, ներառյալ մկանների, աճառների, մաշկի, և նույնիսկ ուղեղի ու այլ օրգանների զգայուն հյուսվածքների վերականգման համար: Սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ պարզելու համար, թե արդյոք այն կարող է անվտանգ և արդյունավետ կերպով նպաստել ապաքինմանը մարմնի տարբեր հատվածներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll