Սրտանոթային հիվանդություններից ավելի շատ կին է մահանում, քան կրծքագեղձի քաղցկեղից, թոքի քաղցկեղից ու թոքերի քրոնիկ ախտահարումներից միասին վերցրած։ Սրտաբանները հորդորում են պաշտպանվել ոչ թե տարիներ անց՝ ծերության շեմին, այլ շատ ավելի վաղ՝ սկսած առաջին դաշտանից։ «Circulation»-ը միանգամից երեք հոդված է հրապարակել կնոջ սրտի առողջության մասին՝ նրա կյանքի յուրաքանչյուր փուլում։ Հեղինակային խումբը գլխավորել է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Սադիա Խանը։
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի, մանկաբույժների ու մանկաբարձների համատեղ այս նախաձեռնությունը հեղինակներն իսկական հեղաշրջում են համարում գոյություն ունեցող մոտեցումներում։ Նրանք կնոջ կյանքը բաժանում են շրջափուլերի՝ դեռահասություն, հասուն տարիք, հղիություն, դաշտանադադար, և ամեն փուլում տեսնում են սրտի հիվանդությունների վտանգը ժամանակին կանգնեցնելու ու ապրելակերպը փոխելու հարմար պահ։ Այսօր կանանց բուժօգնությունը մասնատված է. մանկաբույժը, թերապևտը, գինեկոլոգն ու սրտաբանը գրեթե երբեք չեն տեսնում մեկ ընդհանուր պատկեր։
Կանանց մոտ հիվանդությունն էլ բոլորովին այլ կերպ է ընթանում։ «Սիրտ-անոթային հիվանդ ասելիս սովորաբար պատկերացնում ենք ռիսկային խմբի միջին տարիքի տղամարդու՝ մի տեսակ Հոմեր Սիմփսոնի։ Բայց Մարջը նույնպես կարող է հիվանդանալ»,— նշում է հոդվածների համահեղինակ, սրտաբան Էսթեր Քիմը։ Կանանց շրջանում ավելի շատ հանդիպում են սրտի մազանոթների ախտահարումները, սրտային անբավարարության այնպիսի ձևեր, երբ սիրտը նորմալ կծկվում է, բայց զարկերի միջև ընկած հատվածում վատ է թուլանում, ինչպես նաև սրտի զարկերակի պատի հանկարծակի ճաքերը, որոնք առանց հատուկ հետազոտությունների շատ դժվար է նկատել։
Բժիշկներն առաջարկում են խնդիրներին հետևել դեռ դեռահաս տարիքից։ Եթե դաշտանն սկսվում է մինչև 10 տարեկանը, դա հետագայում սրտի հիվանդությունների բարձր ռիսկի նշան է։ Իսկ եթե ցիկլը պարբերաբար խախտվում է, ու դրան գումարվում են համառ պզուկներն ու ավելորդ մազածածկույթը, գործ ունենք ձվարանների պոլիկիստոզի հետ, ինչը հանգեցնում է շաքարախտի ու սրտի ախտահարումների։ Ազդում է նաև հոգեվիճակը. 17 տարեկանում աղջիկների մոտ դեպրեսիան կրկնակի ավելի հաճախ է լինում, իսկ ընկճվածությունն ու սննդային վարքի խանգարումները քայքայում են անոթները։ Ահա թե ինչու են մասնագետներն առաջարկում հոգեկան առողջության ստուգումը դարձնել պարտադիր։
Այս նոր մոտեցմամբ հղիությունը դիտարկվում է իբրև սրտի «սթրես-թեստ». զարկերակային բարձր ճնշումը, հղիության շաքարախտն ու վաղաժամ ծննդաբերությունը նախազգուշացնում են տարիներ անց սպասվող լուրջ խնդիրների մասին։ Ընդ որում, 20-44 տարեկան ամերիկուհիներից տասից ինը հղիանում են սրտի ոչ լիարժեք առողջ վիճակում։ Մյուս շրջադարձային պահը դաշտանադադարն է, երբ միանգամից թռիչք են կատարում «վատ» խոլեստերինը, քաշն ու ճնշումը։
Սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ կաթվածը, միայն ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 400 հազար կնոջ կյանք են խլում, բայց տասը կանանցից միայն չորսն են դրանք համարում իրենց գլխավոր վտանգը։ Կանխարգելման հիմքը ութ պարզ կանոններն են՝ կարգավորել քաշը, ճնշումը, շաքարն ու խոլեստերինը, առողջ սնվել, շատ շարժվել, բավարար քնել և վերջնականապես հրաժարվել ծխախոտից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day