Քովիդից հետո զարգացող համախտանիշով մարդիկ 14%-ով ավելի հաճախ են բախվում հիպերտոնիայի հետ, քան նրանք, ովքեր չեն տառապել ՔՈՎԻԴ-19-ի տևական հետևանքներից: Ընդ որում, արյան ճնշման բարձրացման ռիսկն աճում է նույնիսկ այն բուժառուների շրջանում, ովքեր վարակը տարել են առանց հոսպիտալացման: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Շվեդիայի ավելի քան 1,2 միլիոն չափահաս բնակիչների բժշկական տվյալները: Արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association (JAHA) բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությունն ընդգրկել է 18-65 տարեկան մարդկանց, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացվել 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը: Գիտնականները վերլուծությունից բացառել են նրանց, ում հիպերտոնիա էին ախտորոշել մինչև հսկողության սկիզբը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ով հոսպիտալացված բուժառուներին:
Հետքովիդային համախտանիշ հայտնաբերվել է 8365 մասնակցի ՝ ամբողջ խմբի շուրջ 0,7%-ի շրջանում: Հսկողության ընթացքում հիպերտոնիա է զարգացել հետքովիդային համախտանիշ ունեցող մարդկանց 22–23%-ի շրջանում: Հաշվի առնելով տարիքը, սոցիալ-տնտեսական վիճակը և այլ հիվանդություններ՝ հետազոտողները պարզել են, որ նրանց մոտ բարձր ճնշման զարգացման հավանականությունը 14%-ով բարձր է եղել, քան մյուս մասնակիցների շրջանում:
Կապը նկատվել է և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում, սակայն հիպերտոնիան ավելի հաճախ է հանդիպել հետքովիդային համախտանիշ ունեցող տղամարդկանց շրջանում. այն ախտորոշվել է նրանց 24%-ի մոտ՝ ընդդեմ կանանց 16%-ի: Բացի դրանից, կապն ավելի արտահայտված է եղել տարեց մարդկանց և շաքարային դիաբետ ունեցող բուժառուների շրջանում:
Գիտնականները ենթադրում են, որ ՔՈՎԻԴ-19-ից հետո կարող են պահպանվել անոթների աշխատանքի փոփոխությունները, որոնք ազդում են զարկերակային ճնշման վրա: Ընդսմին, հետազոտությունը թույլ չի տալիս ապացուցել, որ հենց հետքովիդային համախտանիշն է հիպերտոնիա առաջացնում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day