Միջին հաշվով, վեգանների աղիքային միկրոբիոմն ավելի քիչ բազմազանություն ունի, քան միս և կենդանական ծագման այլ մթերքներ օգտագործողներինը: Միևնույն ժամանակ, նրանց միկրոբիոմն ունեցել է մի շարք օգտակար հատկանիշներ, նրանց գլյուկոզայի, խոլեստերինի և բորբոքման մակարդակները ցածր են եղել: Այս եզրահանգման են եկել Կոպենհագենի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են 150 դանիացի բնակիչների աղիքային միկրոֆլորան:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Microbiome» ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 75 վեգան և 75 ամենակեր մարդիկ: Գիտնականները վերլուծել են նրանց կղանքի, արյան և մեզի նմուշները՝ ուսումնասիրելով աղիքային մանրէների և վիրուսների կազմը, ինչպես նաև օրգանիզմի ազդանշանային մոլեկուլները:
Հետազոտողները կարծում էին, որ վեգաններն ավելի բազմազան միկրոբիոմ կունենան՝ մանրաթելերի և այլ բուսական միացությունների բարձր ընդունման պատճառով: Սակայն արդյունքներն անսպասելի էին: Միջին հաշվով, բուսական սննդակարգին հետևող մասնակիցների մոտ աղիքային մանրէների բազմազանությունն ավելի ցածր է եղել։
Novo Nordisk հիմնադրամի հիմնական մետաբոլիկ հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Օլուֆ Բորբիե Պեդերսենը ենթադրել է, որ հնարավոր բացատրություններից մեկը կարող է լինել սպիտակուցի ընդունման տարբերությունը: Վեգանների սննդակարգում սպիտակուցը կազմել է սննդային էներգիայի մոտավորապես 12 տոկոսը՝ կենդանական ծագման մթերքներ օգտագործողների 17 տոկոսի համեմատ։ Միևնույն ժամանակ, ավելի շատ սպիտակուց ստացող վեգանները աղիքային մանրէների համեմատելի բազմազանություն են ունեցել ամենակերների հետ։
Չնայած մանրէների ցածր բազմազանությանը, վեգանների միկրոբիոմն ունեցել է այլ բնութագրեր, որոնք, հետազոտողների կարծիքով, օգտակար են առողջության համար: Նրանք ունեցել են մանրաթել քայքայող որոշակի մանրէների ավելի բարձր մակարդակ և Blastocystis-ի ավելի բարձր տարածվածություն, միկրոօրգանիզմ, որը նախկինում կապում էին ավելի ցածր արյան ճնշման հետ: Բացի այդ, վեգանների մոտ, միջին հաշվով, արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակն ավելի ցածր էր, ինչպես նաև ավելի քիչ էին բորբոքային մարկերներ:
Վեգանները սպառել են ավելի շատ ածխաջրեր և մանրաթել, բայց ավելի քիչ սպիտակուց և ճարպ, այն մասնակիցների համեմատ, ովքեր իրենց սննդակարգում ներառել են կենդանական ծագման մթերքներ:
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը համեմատաբար փոքրածավալ էր և ունեցել է դիտողական բնույթ: Այն բացահայտել է կապեր, բայց չի ապացուցում, որ սպիտակուցի ընդունումը որոշում է աղիքային միկրոբիոմի բազմազանությունը, կամ որ որոշակի սննդակարգի անցումն ուղղակիորեն առաջացնում է առողջության ցուցանիշների փոփոխություններ:
Հետևաբար, հետազոտողները խորհուրդ չեն տալիս սննդակարգի փոփոխություններ՝ հիմնվելով այս տվյալների վրա: Նրանք պարզապես ընդգծում են հավասարակշռված սննդակարգի կարևորությունը՝ անկախ սննդակարգի ընտրությունից: Վեգանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն բավարար քանակությամբ սպիտակուց ստանալուն, որը կարող է ստացվել լոբազգիներից, ոսպից, կանեփի և չիա սերմերից, կինոայից, նուշից և այլ ընկույզներից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day