• Latest news▼

Մարդու բնավորության վրա առավել ուժեղ ազդեցություն ունեն 1260 գեները․ Nature

2 նոյեմբերի, 2026  13:48

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է անձի գծերի՝ ներառյալ էքստրավերսիայի, բարեխղճության և նևրոտիզմի հետ կապված 1260 գենետիկական տարբերակ։ Ընդ որում, ԴՆԹ-ի տարածված տարբերակները բացատրում են մարդկանց միջև եղած տարբերությունների միայն 5-9 տոկոսը։ Մասշտաբային հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Գիտնականները միավորել են 46 հետազոտական խմբերի տվյալներ։ Կախված վերլուծությունից՝ ընտրանքները ներառել են 611 հազարից մինչև ավելի քան 1,1 միլիոն մարդ։ Հետազոտողներն ուսումնասիրել են գենետիկական կապերն անձի հինգ հիմնական գծերի՝ էքստրավերսիայի, բարեհամբույրության, բարեխղճության, նևրոտիզմի և նոր փորձառությունների հանդեպ բաց լինելու հետ։

Հետազոտողները հայտնաբերել են ԴՆԹ-ի 1260 կոնկրետ տարբերակ, որոնք վիճակագրորեն կապված են անձի գծերի հետ։ Սակայն լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ գենետիկական ազդեցությունը շատ ավելի լայն է. ըստ հետազոտողների հաշվարկների՝ բնավորության հինգ հիմնական գծերից յուրաքանչյուրի ձևավորմանը մասնակցում են հազարավոր անկախ գենետիկական տարբերակներ՝ միջինում մոտ 16 հազար։

«Սա նշանակում է, որ անձը ձևավորվում է բազմաթիվ գենետիկական տարբերությունների ազդեցության տակ, որոնցից յուրաքանչյուրը շատ փոքր էֆեկտ է ունենում նրա վրա։ Բնավորության առանձին գծի համար պատասխանատու չէ մեկ կոնկրետ գեն։ Կարևոր դեր է խաղում նաև շրջակա միջավայրը», — բացատրել են գիտնականները։

Հետազոտողները նաև գենետիկական կապեր են հայտնաբերել անձնային գծերի, առողջության և վարքագծի միջև։ Օրինակ, նևրոտիզմի հետ կապված տարբերակներն ասոցացվել են հոգեկան խանգարումների բարձր ռիսկի հետ։ Բարեխղճության հետ կապված գենետիկական առանձնահատկությունները փոխկապակցվել են հոգեակտիվ նյութերի պակաս գործածման և ավելի հաճախակի ֆիզիկական վարժությունների հետ։

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ բացահայտված կապերը թույլ չեն տալիս ճշգրտորեն կանխատեսել կոնկրետ մարդու վարքագիծը։ Գենետիկական տարբերակները բացատրում են անձի միջև եղած տարբերությունների միայն չնչին մասը, իսկ արդյունքները չեն նշանակում, որ որոշակի գեներն ուղղակիորեն կոնկրետ արարքներ են առաջացնում։

«Մեր ԴՆԹ-ն ազդում է անձի և ապագայի վրա, բայց չի կանխորոշում դրանք», — նշել է հետազոտության համահեղինակ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Հենրի Կրանցլերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll