• Latest news▼

Միտոքոնդրիումների ակտիվացումը կարող է դանդաղեցնել ուռուցքային բջիջների աճը․ հետազոտություն

3 նոյեմբերի, 2026  10:21

Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) քիմիկոսներն իրենց գործընկերների հետ մշակել են մոլեկուլային գործիք, որը հնարավորություն է տալիս խթանել միտոքոնդրիումների՝ էներգիայի արտադրությանն անմիջականորեն մասնակցող բջջային կառույցների աշխատանքը։ Փորձարկումների ընթացքում միտոքոնդրիումային նյութափոխանակության ակտիվացումը դանդաղեցրել է քաղցկեղային բջիջների բազմացումն ու մելանոմայի ուռուցքների աճը մկների մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Chemical Biology ամսագրում։

Մեր օրգանիզմում գլյուկոզան ածխաթթու գազի է վերածվում ոչ թե մեկ, այլ մի քանի փուլով։ Առաջին փուլում այն ճեղքվում է՝ վերածվելով պիրուվատի, որն այնուհետև անցնում է միտոքոնդրիումներ, որտեղ էլ թթվածնի մասնակցությամբ օքսիդանում է մինչև ածխաթթու գազ, փոխանցում է «Научная Россия»-ն։ Սակայն ուռուցքային շատ բջիջներում, անգամ թթվածնի բավարար քանակի պայմաններում, գերակշռում է միայն առաջին փուլը՝ գլյուկոզայի ճեղքումը։ Իսկ քանի որ պիրուվատը միտոքոնդրիումներ դժվարությամբ է թափանցում, դրա օքսիդացման մակարդակը նույնպես նվազում է։ Այս երևույթը հայտնի է որպես Վարբուրգի էֆեկտ։ Ուստի գիտնականները որոշել են պարզել, թե միտոքոնդրիումների աշխատանքի հարկադիր խթանումն ինչպես կազդի ուռուցքային բջիջների վրա։

Այս հարցն ուսումնասիրելու նպատակով հեղինակները ստեղծել են Grubraw մոլեկուլային գործիքը, որի անվանումն առաջացել է Warburg («Վարբուրգ») բառի հակառակ ընթերցումից։ Այն թույլ է տալիս պիրուվատ ստանալ անմիջապես միտոքոնդրիումների ներսում։ Նման մոտեցումն օգնում է շրջանցել միտոքոնդրիումներ պիրուվատի մուտքին խոչընդոտող սահմանափակումները և ուժեղացնում է օքսիդացման նյութափոխանակության գործընթացները։

Քաղցկեղային բջիջների վրա կատարված փորձարկումներում Grubraw-ի ակտիվացումն ուժեղացրել է միտոքոնդրիումային շնչառությունը և ուսումնասիրված բջջային մոդելների մեծ մասում նվազեցրել բազմացման արագությունը։

Գիտնականները գործիքի ազդեցությունը փորձարկել են նաև մկների վրա, որոնց մոտ ուռուցքները ձևավորվել էին մարդու մելանոմայի բջիջներից։ Grubraw-ի ակտիվացման դեպքում ուռուցքների աճը դանդաղել է։

Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ միտոքոնդրիումների աշխատանքի խթանումն ուղեկցվել է բջջային ցիկլի, բջիջների բաժանման և ԴՆԹ-ի ռեպլիկացիայի հետ կապված գեների ակտիվության փոփոխություններով։ Ընդ որում՝ ուռուցքային բջիջները մասամբ կոմպենսացրել են միտոքոնդրիումային նյութափոխանակության ակտիվացումը՝ առաջացած պիրուվատի ավելցուկը դուրս բերելով բջջի սահմաններից։

Հետազոտության շրջանակներում ՄՄՌ (միջուկային մագնիսական ռեզոնանս) մետաբոլոմային վերլուծությունն իրականացրել է ՄՊՀ քիմիայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող Սոֆյա Մարյասինան. «Մետաբոլիզմի փոփոխությունները թույլ են տալիս տեսնել, թե միտոքոնդրիումների աշխատանքին միջամտելն ինչպես է անդրադառնում բջջի ներսում նյութափոխանակության վրա։ Այս աշխատանքում ՄՄՌ-մետաբոլոմային վերլուծությունը լրացրել է հետազոտության մյուս մեթոդները և օգնել է բնութագրել ուռուցքային բջիջներում միտոքոնդրիումների ակտիվացմանն ուղեկցող մետաբոլիկ փոփոխությունները»։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ուռուցքային բջիջների նյութափոխանակային առանձնահատկությունները կարող են լինել ոչ միայն դրանց արագ աճի հետևանք, այլև բազմացումը կարգավորող գործոններից մեկը։ Ստացված արդյունքներն ընդլայնում են ուռուցքների զարգացման գործում միտոքոնդրիումների դերի վերաբերյալ պատկերացումները և կարող են օգնել ուռուցքային մետաբոլիզմի վրա ազդելու նոր մոտեցումների որոնման հարցում։ Սակայն քաղցկեղի բուժման մեջ նման մոտեցման կիրառման հնարավորությունները գնահատելու համար կպահանջվեն հետագա ուսումնասիրություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll