• Latest news▼

Հայաստանում բուժաշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն է ստեղծվել

3 նոյեմբերի, 2026  21:35

Հայաստանում «Բուժաշխատողների շահերի պաշտպան» հասարակական կազմակերպությունը պաշտոնապես ազդարարել է իր գործունեության մեկնարկը։  Կազմակերպությունը զբաղվելու է բժիշկների և ոլորտի այլ ներկայացուցիչների իրավական պաշտպանությամբ, նրանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումների կանխարգելմամբ և մասնագիտական համբավի պաշտպանությամբ։ Մեկնարկի մասին կազմակերպության հիմնադրման արարողությանը հայտնել է դրա հիմնադիր, փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Նա նշել է, որ կազմակերպություն ստեղծելու միտքն առաջացել է բուժաշխատողների, ներառյալ՝ շտապօգնության բրիգադների նկատմամբ ագրեսիայի և բռնության հաճախակիացած դեպքերի մասին լուրերից հետո։ Մասնավորապես, խոսքը հիվանդների հարազատների հարձակումների մասին է, որոնք դժգոհ են եղել, որ բժիշկները իբր ուշ են հասել կանչին և չեն կարողացել փրկել հիվանդի կյանքը:

«Հասկանալով ընտանիքի անդամ կորցրած մարդու հոգեբանական վիճակը՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ կոնկրետ իրավիճակում բուժաշխատողը կարող է ընդհանրապես որևէ մեղք չունենալ: Դրան կարող են նպաստել հազարավոր տարբեր գործոններ»,- նշել է փաստաբանը:

Ուսումնասիրելով առողջապահության ոլորտում առկա իրավիճակը՝ Ոսկանյանը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանում փաստացի բացակայում է բուժաշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված կառույց։

Նա ուշադրություն է հրավիրել բուժհաստատություններում բուժառուների մահվան փաստերով քրեական վարույթների, մեռելածնության, ենթադրյալ բժշկական սխալների, ինչպես նաև պլաստիկ վիրահատությունների և այլ բժշկական միջամտությունների արդյունքների դեմ բողոքներին առնչվող խնդիրների վրա:

Փաստաբանը նշել է, որ նույնիսկ եթե բժշկի մեղքը հաստատված չէ, քրեական վարույթը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ իրավունքների սահմանափակում, ֆինանսական ծախսեր և հոգեբանական տրավմաներ, ազատության սահմանափակման սպառնալիք և վնաս մասնագիտական համբավին:

«Բժիշկը կարող է տարիներով աշխատել, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և արժանանալ հեղինակության: Սակայն իրենից չկախված մեկ պատահարի և դրա շուրջ ծավալված շահարկումների արդյունքում մասնագետը կարող է մի պահում զրկվել համբավից: Մասնագիտական անունը վաստակում են տասնամյակներով, բայց այն կարելի է կորցնել հաշված օրերի ընթացքում»,- ընդգծել է Ոսկանյանը:

Ինչ ծառայություններ է մատուցելու կազմակերպությունը

Կազմակերպության գլխավոր առաքելությունն է բուժաշխատողներին աջակցել օրենքով չարգելված բոլոր միջոցներով, կանխել նրանց իրավունքների և օրինական շահերի չհիմնավորված սահմանափակումները, ինչպես նաև պաշտպանել մասնագիտական համբավը:

Գործունեությունն ընդգրկելու է մի քանի ուղղություն.

Իրավական պաշտպանություն քրեաիրավական ոլորտում. Իրավաբանական օգնություն և փաստաբանական ներկայացուցչություն քրեական վարույթների շրջանակում, ներառյալ փոխգործակցությունը ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության և բոլոր ատյանների դատարանների հետ:

Պաշտպանություն քաղաքացիաիրավական ոլորտում. Ներկայացուցչություն բուժաշխատողների պատվի, արժանապատվության և գործնական համբավի արատավորման վերաբերյալ գործերով, ինչպես նաև մասնավոր բուժհաստատությունների գործնական համբավի պաշտպանություն: Կազմակերպությունը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի զրպարտչական տեղեկությունները հրապարակավ հերքվեն, իսկ վիրավորանքների դեպքում ստիպել ներողություն խնդրել բուժաշխատողից:

Իրավական խնդիրների կանխարգելում. Իրավաբանական խորհրդատվություն, տեղեկատվական հանդիպումներ և կրթական միջոցառումներ բուժաշխատողների իրավական գրագիտությունը բարձրացնելու համար:

Մասնագիտական և աշխատանքային շահերի ներկայացում. Բժշկական համայնքի արդի խնդիրների բարձրաձայնում, դրանց լուծման առաջարկների մշակում և համապատասխան կառույցների հետ համագործակցություն:

Համագործակցություն բժշկական կազմակերպությունների հետ. Համատեղ ծրագրեր բուժաշխատողների իրավական պաշտպանվածությունն ամրապնդելու և նրանց մասնագիտական գործունեության պայմանները բարելավելու ուղղությամբ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Ոսկանյանը հայտնել է, որ հիմնադրման պահին կազմակերպությունում կա ինը հոգի, որոնք բոլորն էլ իրավաբաններ են: Հետագայում կազմը նախատեսվում է ընդլայնել բժիշկների և առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչների հաշվին, ընդհուպ՝ նրանց կազմակերպության խորհրդի կազմում ներառելը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք կազմակերպությունը պաշտպանելո՞ւ է բժիշկներին գործատուների հետ աշխատանքային վեճերում և պետական կառույցների հետ ընդհարումներում, Ոսկանյանը նշել է, որ պատրաստ է ներկայացնել բուժաշխատողների շահերը նաև պետական ու վարչական մարմինների հետ հարաբերություններում:

«Եթե ես հայտարարում եմ, որ զբաղվում եմ բուժաշխատողների շահերի պաշտպանությամբ և վերցնում եմ այդպիսի պատասխանատվություն, ապա չեմ կարող ասել, որ կպաշտպանեմ բժշկին բուժառուի հետ վեճում, բայց չեմ պաշտպանի պետության կամ պետական մարմնի հետ վեճում: Դա կհակասեր կազմակերպության բուն նպատակին»,- հայտարարել է փաստաբանը:

Նա նաև հաստատել է բուժշխատողներին պաշտպանելու պատրաստակամությունը, որոնց իրավունքները խախտվում են քաղաքական հայացքների կամ հանրային դիրքորոշման արտահայտման պատճառով՝ ընդգծելով, որ դա չի նշանակում կազմակերպության հատուկ քաղաքական օրակարգի առկայություն:

Միևնույն ժամանակ, բուժաշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճերում հնարավոր է շահերի բախում, եթե երկու կողմերն էլ կազմակերպության անդամ են կամ օգտվում են դրա ծառայություններից: Նման դեպքերում կազմակերպությունը չի կարող հանդես գալ մեկ մասնակցի կողմից՝ ի վնաս մյուսի: Ըստ Ոսկանյանի՝ այն կարող է նպաստել բախման կարգավորմանը և հանդես գալ որպես միջնորդ: Եթե ​​հաշտեցումն անհնար է, կազմակերպությունը չի ներկայացնի իր մի անդամի շահերը մյուսի դեմ:

Արդյոք կազմակերպությունը պաշտպանելու է բժիշկներին սոցիալական ցանցերում մեղադրանքներից

NEWS.am Medicine-ի թղթակցը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է կազմակերպությունը մտադիր արձագանքել սոցիալական ցանցերում բժիշկների դեմ ուղղված արշավներին, երբ բուժառուները հրապարակայնորեն մեղադրում են բժիշկներին ոչ պրոֆեսիոնալիզմի կամ խախտումների մեջ: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր նրան, թե ինչպես տարբերել զրպարտությունը անձնական կարծիքի արտահայտումից, եթե կոնկրետ դեպքով դատական ​​վճիռ դեռևս չկա:

Ոսկանյանը պարզաբանել է, որ նման իրավիճակները վերաբերում են քաղաքացիաիրավական հարաբերությունների ոլորտին: Վիրավորանքի և զրպարտության գործեր քննարկելիս, ըստ նրա, կարևոր նշանակություն ունի ապացուցման բեռի բաշխումը. որոշակի պնդումներ առաջ քաշող կողմը պետք է պատրաստ լինի հիմնավորել դրանք օրենքով սահմանված կարգով:

Որպես օրինակ՝ փաստաբանը բերել է մի իրավիճակ, երբ սոցիալական ցանցերի օգտատերը բժշկին հրապարակայնորեն հանցագործ է անվանում՝ այդ պնդումը հաստատելու հնարավորության չունենալով:

«Յուրաքանչյուր արտահայտություն մարդն անում է՝ վտանգելով ինքն իրեն: Նա պետք է հասկանա, որ եթե իրեն որոշակի հայտարարություններ է թույլ տալիս, դրանց համար պետք է պատասխանատվություն կրել»,- ընдգծել է Ոսկանյանը:

Ըստ նրա՝ վիրավորանքի կամ զրպարտության առկայությունը և պատասխանատվության հարցը պետք է հաստատվեն դատական ​​կարգով, որտեղ կողմերը ներկայացնում են սեփական փաստարկներն ու ապացույցները:

Այսպիսով, նոր հասարակական կազմակերպությունը մտադրված է զբաղվել ոչ միայն քրեական և քաղաքացիական գործերի շրջանակներում բուժաշխատողների պաշտպանությամբ, այլև նրանց մասնագիտական, աշխատանքային և օրինական շահերին առնչվող հարցերի ավելի լայն շրջանակով:

Իր գործունեության համար կազմակերպությունն ընտրել է հետևյալ կարգախոսը. «Պաշտպանված բուժաշխատող՝ անվտանգ առողջապահական համակարգ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll