Նախկինում հիմնականում արևադարձային գոտիներում բնակվող վագրային մոծակներն արդեն հաստատվել են եվրոպական մի շարք երկրներում և շարժվում են դեպի հյուսիս։ Իշխանությունները փորձում են զսպել դենգեի, չիկունգունյայի և զիկայի տարածումը։ Այս հարցում առանցքային դեր ունեն նաև քաղաքացիները։
Վագրային մոծակների աճող պոպուլյացիան վերահսկելու երկրորդ փորձի շրջանակում Պորտուգալիան սեպտեմբերին բնություն է բաց թողել 30 000 ստերիլացված արու մոծակ։
Նախկինում գլխավորապես Հարավարևելյան Ասիայում հանդիպող այս մոծակատեսակն Իտալիա էր ներթափանցել դեռևս 1990-ականներին՝ օգտագործված անվադողերի խմբաքանակների հետ։ Այդ ժամանակվանից այն տարածվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և եվրոպական այլ երկրներում։
Մտահոգիչ է նաև դրանց փոխանցած հիվանդությունների՝ դենգեի, չիկունգունյայի և զիկայի տարածումը Եվրոպայում։ Թեև եվրոպական երկրների մեծ մասում առայժմ գրանցվում են եզակի դեպքեր, ԵՄ իշխանություններն ու առողջապահության ազգային մարմիններն աշխատում են կանխել այդ հիվանդությունների էնդեմիկ դառնալը միության տարածքում։
«Ուղին, որով մենք շարժվում ենք, այնքան էլ հուսադրող չէ, — Euronews-ին ասել է բնապահպան-համաճարակաբան Յան Սեմենցան։ — Սա մի խնդիր է, որը կմնա մեզ հետ, եթե հնարավորինս արագ չկանխենք այն»։
Այս հիվանդությունները փոխանցվում են մոծակների խայթոցների միջոցով։ Արևադարձային երկրներից վերադարձող վարակված ճանապարհորդները կարող են վիրուսներն իրենց հետ բերել Եվրոպա, որտեղ տեղական մոծակները վարակվում են նրանցից, ապա վարակը փոխանցում այլ մարդկանց։
«Շատերը Եվրոպա են վերադառնում Թաիլանդում, Բրազիլիայում կամ այլ վայրերում անցկացրած արձակուրդից, որտեղ տարածված են այդ արևադարձային հիվանդությունները, և վիրուսներն իրենց հետ են բերում, — նշել է Սեմենցան։ — Նրանց խայթում է տեղական մոծակը, հետո այդ մոծակը խայթում է մեկ ուրիշին՝ վարակելով նրան, և այդպես առաջանում է տեղային բռնկում»։
2026 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Իտալիան հաղորդել է դենգեով տեղական վարակման 76, իսկ Ֆրանսիան՝ 8 դեպքի մասին։ Այդ երկու երկրներում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը մոտավորապես կրկնակի գերազանցում է 2025 թվականի ցուցանիշը։ Պորտուգալիան որոշել է խնդրի դեմ պայքարել՝ բնություն բաց թողնելով ճառագայթման միջոցով ստերիլացված արու մոծակներ։ Դրանք կարող են զուգավորվել էգերի հետ, սակայն սերունդ չեն տալիս։
«Այն, ինչի դեմ մենք պայքարում ենք, էնդեմիկ երկիր դառնալու հեռանկարն է», — Euronews-ին ասել է Պորտուգալիայի Առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Անդրե Պերոլտա Սանտուշը։
Կան նաև այլ մեթոդներ, այդ թվում՝ մի քանի տարի առաջ Բրազիլիայում կիրառվածը։ Այնտեղ մոծակներին վարակում էին Wolbachia բակտերիայով, ինչը խոչընդոտում էր մոծակների օրգանիզմում վիրուսների բազմացմանն ու փոխանցմանը։ Սակայն, թեև մոծակների թվաքանակը նվազեցնելու և վարակի փոխանցումը սահմանափակելու ուղիներ կան, դրանց ամբողջությամբ ոչնչացումն անիրատեսական է։
«Շրջակա միջավայրը հնարավոր չէ ստերիլացնել ավտոկլավում, — ասել է Սեմենցան։ — Հենց որ մոծակը հաստատվեց, այն մնում է, և դուք ոչինչ չեք կարող անել»։ Մնում է նախապատրաստվել և սահմանափակել հիվանդությունների տարածման վտանգը։
Դրա համար, ըստ Սեմենցայի, անհրաժեշտ է «միջոցառումների համալիր»՝ մոծակների թվաքանակի վերահսկումից մինչև պատվաստանյութերի և հակավիրուսային դեղամիջոցների կիրառում։ Ընդ որում՝ հանրության մասնակցությունն այդ պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day