Կերակրի աղի փոխարինումը կալիումով հարստացված նմանօրինակով կարող է ամեն տարի կանխել մոտ երեք միլիոն մահ ամբողջ աշխարհում. ասվում է նոր հետազոտությունում, որը մատնանշում է զարկերակային բարձր ճնշման և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի պոտենցիալ մատչելի միջոց:
Ավստրալիայի Ջորջի անվան գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականների անցկացրած հետազոտությունը գնահատել է 193 երկրներում կալիումով հարստացված աղին անցնելու հնարավոր առողջապահական օգուտները: Նրանց գնահատմամբ՝ համաշխարհային անցումը կարող է ամեն տարի կանխել 2,96 միլիոն մահ և սրտանոթային հիվանդությունների ու խրոնիկական երիկամային հիվանդության 10,17 միլիոն նոր դեպք:
«Նատրիումի չափազանց մեծ սպառումը և կալիումի պակասը լավ հայտնի են որպես բարձր զարկերակային ճնշման պատճառներ, որոնք կյանքի համար վտանգավոր վիճակների՝ ուղեղի կաթվածների, ինֆարկտների և երիկամների հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից են»,- ասել է Ջորջի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող Բրյուս Նիլը:
Այլընտրանքային արտադրանքը, որը կարելի է գտնել որոշ խանութներում և առցանց, աշխատում է սովորական աղի մեջ նատրիումի քլորիդի մի մասը կալիումի քլորիդով փոխարինելու միջոցով: Այն տեսքով, համով և պատրաստման եղանակով նման է սովորական կերակրի աղին, սակայն հնարավորություն է տալիս միաժամանակ շտկել բարձր ճնշման հետ կապված սննդային երկու գործոնները՝ նատրիումի չափազանց մեծ սպառումը և կալիումի անբավարար մուտքն օրգանիզմ:
«Կալիումով հարստացված աղին անցնելը միաժամանակ լուծում է այս երկու սննդային խնդիրները և էական առավելություններ տալիս առողջության համար»,- ասել է Նիլը:
Բարձր զարկերակային ճնշումը ուղեղի կաթվածի, ինֆարկտի և երիկամների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոններից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում 30-79 տարեկան չափահասների մոտավորապես մեկը՝ շուրջ 1,4 միլիարդ մարդ, տառապում է հիպերտոնիայից:
Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան և հաշմանդամության առաջատար պատճառը. 2023 թվականին դրանց բաժին է ընկել 19,2 միլիոն մահվան դեպք:
Հետազոտողները դիտարկել են մի քանի սցենար, ներառյալ տներում սնունդ պատրաստելիս օգտագործվող աղի փոխարինումը, վերամշակված մթերքներում և ռեստորանային ուտեստներում նոր աղին անցնելը, ինչպես նաև նպատակային օգտագործումն այն մարդկանց համար, արդեն ախտորոշվել է բարձր ճնշում կամ ովքեր բուժվում են դրանից:
Նույնիսկ մասնակի անցումը կարող է զգալի արդյունքներ ապահովել: Տներում օգտագործվող աղի միայն մեկ փոխարինումը կարող է ամեն տարի կանխել մոտ 1,85 միլիոն մահ և սրտանոթային ու երիկամային հիվանդությունների 6,19 միլիոն դեպք: Վերամշակված մթերքներում և ռեստորանային ուտեստներում կալիումով հարստացված աղի անցնելը կարող է կանխել ևս 1,56 միլիոն մահ և հիվանդությունների 5,46 միլիոն դեպք:
Նիլն ասում է, որ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սպառվող աղի ավելի քան 70%-ը ստացվում է վերամշակված մթերքներից և ռեստորանային սննդից, այլ ոչ թե տանը ավելացվող աղից:
«Կալիումով հարստացված աղին անցնելուց առավելագույն օգուտ ստանալու համար մեզ անհրաժեշտ է, որ սննդի արդյունաբերությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում միանա այս գործընթացին»,- ասել է Նիլը:
Պոտենցիալ առավելությունները հատկապես մեծ են մեծ բնակչություն և սրտանոթային բարձր մակարդակի հիվանդություններ ունեցող երկրներում: Ամբողջական անցումը կարող է ամեն տարի կանխել մոտ 1,08 միլիոն մահ Չինաստանում, որին հաջորդում է Հնդկաստանը՝ գրեթե 400 հազար կանխված մահերով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day