• Latest news

Ամոքիչ բուժօգնության ներդրումը Հայաստանում կանոնակարգման կարիք ունի. խորհրդարանական լսումներ

12 դեկտեմբերի, 2014  17:30

Ամոքիչ բուժօգնությունը նոր ուղղություն չէ եւ մենք քաջ գիտակցում ենք, որ չենք կարող չունենալ աշխարհում լայնորեն կիրառվող մոտեցումները։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Պալիատիվ բժշկական օգնության ներդրումը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Արմեն Մուրադյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս ոլորտում իրականացվող ծրագրերին: Ներկայացնելով ամոքիչ բուժօգնության ներդրման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրենսդրական քայլերը` նախարարը շեշտեց, որ դրանք առաջին հերթին միտված են բժշկական օգնության այս տեսակը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելուն: Նա կոչ արեց միջազգային կազմակերպություններին լինել հետեւողական ամոքիչ բուժօգնության ներդրման եւ զարգացման գործում:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ամոքիչ բուժօգնության եւ սպասարկման ներդրումը մեր երկրում կանոնակարգման կարիք ունի: Նրա խոսքով` վերջի տարիներին ակնհայտ է ոչ միայն ՀՀ կառավարության, պատասխանատու կառույցների, այլեւ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը այս հարցի շուրջ: Նա ասաց, որ նոյեմբերի կեսին ՀՀ առողջապահության նախարարի հետ Հռոմ կատարած այցի շրջանակում քննարկվել են մանկական պալիատիվ բուժօգնությանը վերաբերող խնդիրները:

Բաց հասարակության հիմնադիամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ կազմակերպությունը ամոքիչ բուժօգնության ոլորտում աշխատանքներ է իրականացնում 2009 թվականից: Նա շեշտեց, որ ամոքիչ բուժօգնությունը բարեկեցիկ հասարակության եւ անհատի արժանապատիվ կյանքի գրավականն է:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մարդու իրավունքների տեսանկյունից կարեւորեց ցավից եւ տառապանքից զերծ մնալու իրավունքը: Անդրադառնալով կատարված աշխատանքին` փոխնախարարը նշեց, որ տարիներ առաջ ամոքիչ բուժօգնության մասին չէր խոսվում, մինչդեռ այսօր հստակ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ: Մասնավորապես` ամոքիչ բուժօգնությունն ընդգրկվել է մասնագիտությունների հիմնական ցանկում, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են կլինիկական չափորոշիչներ: Սուրեն Քրմոյանը նշեց, որ կարեւոր է հակացավային դեղամիջոցների եւ պալիատիվ օգնության հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում ապահովելը:

Ամփոփելով խորհրդարանական լսումը` Արա Բաբլոյանը նշեց, որ նախարարի հանձնարարությամբ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով եւ անցել առաջին ընթերցմամբ, ինչը նույնպես առաջընթաց է: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բուժօգնության այս տեսակի ներդրումը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական, ֆինանսական, հոգեւոր խնդիր է, որը պահանջում է առարկայական մոտեցում:

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող եւ անբուժելի հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաեւ մահամերձ հիվանդին եւ նրա ընտանիքի անդամներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի եւ նրա հարազատների տառապանքները մեղմացնող սոցիալ-հոգեբանական եւ հոգեւոր աջակցությունը: Դրա նպատակն է հնարավորինս լավացնել հիվանդի եւ նրա ընտանիքի անդամներկ կյանքի որակը: Տարեկան մահացության ընդհանուր ցուցանիշը Հայաստանում 27 000 -28 000 է, որի 60-70 տոկոս դեպքերում անհրաժեշտ է տրամադրել պալիատիվ բժշկական օգնություն:

Խորհրդարանական լսումներին ներկա էին ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, առողջապահական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բուժաշխատողներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է