Ամանորյա տոները հազվադեպ են անհետք անցնում. ոմանք այդ մի քանի օրերին շատ են գիրանում, մյուսների մոտ սրվում են առկա հիվանդությունները, իսկ երրորդներին  էլ հարվածը սեռական գործառույթներին է բաժին ընկնում:

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը պնդում է, որ Ամանորին շատ ուտելն ու ալկոհոլի չարաշահումն իրականում բացասաբար են անդրադառնում սեռական գործառույթների վրա եւ կարող են զուգընկերների հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ առաջացնել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց բժիշկը, լիքը ստամոքսի դեպքում նորմալ սեռական ակտը գրեթե անհնար է, ուստի ամանորյա տոներին խորհուրդ է տրվում ամեն դեպքում զսպել ախորժակը: Հատուկ զգուշություն է պահանջում յուղոտ սնունդը, որն այդքան շատ են սիրում մեր հայրենակիցները: Յուղոտ ուտելիքը սիրտ-անոթային համակարգի համար ստեղծում է ավելորդ ծանրաբեռնվածություն եւ նույնիսկ հորմոնալ փոփոխությունների պատճառ կարող է դառնալ, որոնց համար սեռական համակարգը դժվար թե Ձեզ շնորհակալություն հայտնի:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս տոների ժամանակ խուսափել ալկոհոլից կամ էլ գոնե չչարաշահել այն:

«Ապացուցված է, որ օրական  50 եւ ավելի գրամ սպիրտ օգտագործող մարդիկ ավելի են ենթարկվում լյարդի հիվանդություններին: Հենց լյարդն է պատասխանատու մեր օրգանիզմի թունազերծման եւ սեռական հորմոնների ակտիվության համար, ուստի ալկոհոլիզմով հիվանդ կամ ոգելից խմիչքներ կանոնավոր օգտագործող մարդիկ շատ հաճախ են սեռական հորմոնների եւ գործառույթների հետ կապված խնդիրներ ունենում»,-բացատրեց սեքսոպաթոլոգը:

Ֆիզիկական ակտիվությունն իր հերթին բարերար ազդեցություն ունի թե´ տղամարդկանց, թե´ կանանց սեռական գործառույթների վրա, ուստի մասնագետն առաջարկում է տոներին ֆիզիկական ակտիվություն պահպանել եւ հնարավորության դեպքում շատ շարժվել:

Ի դեպ, միայն զբոսանքը Սեւադա Հակոբյանը ֆիզիկական ակտիվություն չի համարում. նրա խոսքով «զբոսանքի» դեպքում սրտի զարկերը րոպեում պետք է գերազանցեն 120-ը, եւ միայն այդ դեպքում դրանից կարելի է ինչ-որ օգուտ քաղել: