Հայաստանի Առողջապահության նախարարության  Առողջապահական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել Քաջարանում հեպատիտ Ց–ով վարակման դեպքերի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Սյունիքի մարզպետարանի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ, ստեղծվել է հանձնաժողով։ Տեսչությունը չի բացառում ներհիվանդանոցային վարակման հավանականությունը, ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացրել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որն ուղեկցվել է լաբորատոր հետազոտություններով: Վերջինիս արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ:

Միաժամանակ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ է հոսպիտալացվել 4 հիվանդ, որոնց մոտ կասկածվել է «սուր հեպատիտ Ց»։ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել են ախտորոշիչ եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում` հաստատող լաբորատոր հետազոտություններ: Իրականացվել է դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները վիրահատական բժշկական միջամտություն են ստացել «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքում՝ գրեթե նույն ժամանակահատվածում: Նույն ընթացքում «Քաջարանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքում վիրահատված եւս մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ այժմ բուժումը շարունակում է «Կապանի բժշկական կենտրոնում»:

Հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղեկացվել է Սյունիքի մարզպետարան: Միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել վարչական վարույթ հարուցելու համար:

Վերջինիս արդյունքում մարզպետարանի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ, ստեղծվել է հանձնաժողով։ Քննարկվել են ուսումնասիրության արդյունքները եւ կազմակերպվել են «Քաջարանի բժշկական կենտրոնում» ներկայումս եւ նախկինում վիրահատական բժշկական միջամտություն ստացած հիվանդների եւ բուժանձնակազմի՝ հեպատիտ Ց-ի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ: Վերցվել է արյան 40 նմուշ (22-ը` բուժանձնակազմից, 18-ը` հիվանդներից): Նմուշները հետազոտվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հիվանդներից վերցված 3 նմուշում եւս հայտնաբերվել են հեպատիտ C–ի Էմ (M) եւ Ջի (G) հակամարմիններ: Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ բոլոր հիվանդները վիրահատական միջամտությունը ստացել են նույն ժամանակահատվածում, ինչը չի բացառում հեպատիտ Ց-ի ներհիվանդանոցային վարակման հավանականությունը: Այս առումով նախապատրաստվող վարչական վարույթի արդյունքում հնարավոր կլինի պարզաբանել հեպատիտ Ց-ի ներհիվանդանոցային վարակումը:

Հիշեցնենք, որ նախօրեին NEWS.am Medicine–ին Քաջարանի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ հեպատիտ Ց հաստատվել է 8 հիվանդի մոտ, ովքեր 2014 թվականի ընթացքում վիրահատվել են այդ հիվանդանոցում։ ԲԿ–ի փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, այնուամենայնիվ, նշել էր, որ դա դեռ չի ապացուցում հենց հիվանդանոցում վարակվելու փաստը։

Քաջարանում պարզում են 8 հոգու հեպատիտ Ց-ով վարակվելու պատճառը