Քաջարանի վերջին իրադարձությունները լուսաբանելիս NEWS.am Medicine-ի խմբագրությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ մեր համաքաղաքացիներից շատերը բավարար գիտելիքներ չունեն, թե ինչ է հեպատիտ C-ն, եւ որտեղ ու ինչպես հնարավոր է վարակվել դրանով:
Օրինակ՝ շատ տարածված սխալ կարծիք կա, որ հեպատիտն ու լյարդի ցիռոզը նույն բանն են, եւ որ ալկոհոլի չարաշահումը կարող է հեպատիտի պատճառ դառնալ:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հեպատիտ C-ի մասին որոշ փաստեր, որոնք Ձեզ հնարավորություն կընձեռեն իմանալ այդ հիվանդության մասին ամենակարեւորը:
Ի՞նչ է հեպատիտ C-ն:
Հեպատիտ C-ն վիրուսային հիվանդություն է, որն սկսում է զարգանալ, երբ վիրուսն օրգանիզմ է ընկնում եւ կարողանում է հիմնավորվել այնտեղ: Հեպատիտ C-ն նաեւ «քաղցր մարդասպան» են անվանում, քանի որ այն մեղմորեն, բայց անխղճորեն հարձակվում է մարդու կարեւորագույն օրգաններից մեկի՝ լյարդի վրա: Աշխարհում հեպատիտ C-ի վիրուսով տարեկան մոտ 3-4 միլիոն մարդ է վարակվում:
Որոշ մասնագետներ կարծում են, որ այն ՄԻԱՎ վարակից ավելի վտանգավոր է: Ամբողջ աշխարհում հեպատիտ С-ից մահացությունները մոտ տաս անգամ գերազանցում են ՄԻԱՎ-ի մահվան դեպքերը: Աշխարհում մեր օրերում քրոնիկ հեպատիտ C ունեցող մոտ 150 միլիոն մարդ է ապրում: Նրանք բոլորը ենթարկվում են լյարդի ցիռոզի եւ/կամ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությանը: Տարեկան հեպատիտ С-ի հետ կապված լյարդի հիվանդություններից ավելի քան 350 000 մարդ է մահանում:
Որտե՞ղ եւ ինչպես կարելի է վարակվել հեպատիտ С-ով:
Հեպատիտ С-ի վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, ընդ որում, վարակիչ են ոչ միայն ակտիվ հեպատիտ С ունեցող մարդիկ, այլեւ քողարկված վիրուսակիր հիվանդները: Այդպիսի հիվանդությամբ կարելի է վարակվել բուժհաստատություններում (օրինակ՝ ստոմատոլոգիական կենտրոնում), լաբորատորիայում, գինեկոլոգիական հետազոտությունների, արյան փոխներարկումների կամ էլ վիրահատական միջամտությունների դեպքում, եթե գործիքները չեն վարակազերծվել), գեղեցկության սրահներում (դաջվածքներ, պիրսինգներ եւ մանիկյուր անելու դեպքում) եւ նույնիսկ վարսավիրանոցներում: Հեպատիտ կարելի է ձեռք բերել անպաշտպան սեռական ակտի եւ թմրամիջոցների ներերակային օգտագործման դեպքում: Հեպատիտը կարող է նաեւ փոխանցվել «ուղղահայաց» ճանապարհով՝ մորից փոխանցվելով երեխային (ծննդաբերության ժամանակ):
Արդյո՞ք հնարավոր է բուժել հեպատիտ С-ն:
Հեպատիտ C-ի բուժումը սովորաբար բավականին երկար է տեւում եւ քիչ գումար չարժե: Եթե Հայաստանում սուր հեպատիտի բուժման համար վճարվում է պետպատվերի շրջանակում, քրոնիկ հեպատիտի դեպքում մարդիկ ստիպված են սեփական գրպանից վճարել, իսկ այն 5 000-20 000 դոլար արժե՝ կախված բուժման կուրսի տեւողությունից:
Ճիշտ մոտեցման դեպքում հիվանդների մոտ 60%-ն ազատվում է վիրուսից, իսկ 40%-ի մոտ էլ ռեցիդիվ է նկատվում, որը այլ մոտեցումների կիրառմամբ հետագա բուժում է պահանջում: Ամեն դեպքում, բուժման արդյունավետության չափանիշ է համարվում կայուն կենսաքիմիական ռեմիսիան:
Ի դեպ, հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day) նշվում է հուլիսի 28-ին:






