Էկզեման մաշկային բորբոքում է, որը հատկապես այն ընտանիքներում է լինում, որոնք ասթմայի, ցանային տենդի կամ այլ ալերգիաների պատմություն ունեն: Հիվանդությունն ամբողջ կյանքի ընթացքում կարող է կրկնվել, իսկ չոր եւ զգայուն մաշկը միշտ կարող է անհանգստացնել:
Մասնագետների խոսքով 2 տարեկանից փոքր երեխաների 30 տոկոսը հակված է ատոպիկ դերմատիտ կամ էկզեմա ունենալուն:
Էկզեմա՞, թե՞ պարզապես չոր մաշկ
Բժիշկները նախազգուշացնում են՝ էկզեման կարող է սկսվել չոր մաշկից, բայց այն ավելին է, քան չոր մաշկը: Էկզեմայի դեպքում մաշկը կարմրում է, մաշկի վրա քոր առաջացնող ցան է հայտնվում, որը ձեռք տալու կամ քորելու դեպքում կարող է ավելի կարմրել եւ ավելի շատ քոր առաջացնել: Հաճախ բշտիկները կարող են վնասվել, արնահոսել եւ ավելի շատ տարածվել:
Էկզեման տարիքին զուգընթաց իր տեղը փոխում է
• Էկզեման կարող է մարմնի ցանկացած հատվածում հայտնվել, սակայն տարբեր տարիքում այն մարմնի տարբեր հատվածներում է առաջանում: Այսպես՝
• Մանկահասակների դեմքին եւ գլխին
• Առաջին քայլերն անող երեխաների ձեռքերին եւ ոտքերին
• Դեռահասների եւ մեծահասակների արմունկներին, դաստակներին, ձեռքի ծալքերում, ծնկներին, ոտքի կոճերին, ոտքերին եւ պարանոցին:
Միջավայրի գործոնները եւս նպաստում են էկզեմայի առաջացմանը
Բացի չոր մաշկից, միջավայրի գործոնները նույնպես կարող են նպաստել հիվանդության առաջացմանը՝
• Ալերգենները, օրինակ՝ ծաղկափոշին եւ տնային կենդանիները
• Մաշկային գրգռիչները, օրինակ՝ լվացքի փոշիները, ներկերը, անուշահոտ եւ այլ քիմիական նյութերը
• Գործվածքները
• Ջերմությունը եւ քրտինքը
• Սթրեսը






