Շուտով Երեւանում կմեկնարկի հետարքրքիր մի նախագիծ, որի շրջանակում սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները կզբաղվեն մարտարվեստով՝ կարատեով, եւ կսովերեն պաշտպանել իրենց:
Երեխաներին պե՞տք են արդյոք այդ դասերը, եւ ի՞նչ կտան դրանք նրանց: NEWS.am Medicine-ի թղթակիցն այս հարցերի շուրջ զրուցեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի հետ:
Նրա խոսքով՝ նման դասերն իրականում շատ կարեւոր են, եւ ինքնապաշտպանության արվեստին պետք է տիրապետի յուրաքանչյուրը՝ անկախ սահմանափակ կարողություններ ունենալուց եւ չունենալուց:
«Ինքնապաշտպանության կանոններին տիրապետելը մարդուն դարձնում է ավելի ինքնավստահ, ավելի հանգիստ եւ հավասարակշռված»,-բացատրեց Արմեն Ալավերդյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ուժերին վստահ եւ իրենց պաշտպանել կարողացող երեխաներն ու դեռահասները սովորաբար կռիվների, ծեծկռտուքի մեջ չեն ներքաշվում, հատկապես եթե մարզիչները նրանց ճիշտ են դաստիրակում եւ սովերեցնում: Նման երեխաները վստահ են իրենց ուժերին եւ հանգիստ են: Նրանք գիտեն, որ որեւէ մեկին որեւէ բան չպետք է ապացուցեն, ուստի նրանք, ի տարբերություն իրենց «ոչ սպորտային» հասակակիցների, ավելի հաճախ են ձգտում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով եւ ոչ թե բռունցքով:
Արմեն Ալավերդյանի կարծիքով՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին կարատե սովորեցնելու գաղափարը շատ լավն է, ինքնատիպ, յուրօրինակ, որը ցույց կտա բոլորին, որ սահմանափակ կարողություններ ունեցող մարդը մյուսներին չի զիջում:
Բացի այդ, նրա խոսքով, այս նախագիծը հետագայում կարող է օգնել սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի տեղավորման հարցում. մեր երկրում, ցավոք, շատ գործատուներ չեն ցանկանում աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցողներին, բայց եթե իմանան, որ տվյալ անձը կարատեով է զբաղվում, կփոխեն իրենց կարծիքը նրա մասին եւ այլ աչքերով կնայեն նրան ու նրա հնարավորություններին:






